09/02/2018 19:40
Ողջունելի է ՀՀ 3-րդ նախագահի իմաստուն որոշումը՝ Արմեն Սարգսյանին հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ. Գավառի համալսարանի ռեկտոր
Այսօր Գավառի պետական համալսարանի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողական խորհրդի հետ հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը, տեղեկացնում են Սարգսյանի գրասենյակից։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունել է Արմեն Սարգսյանին, հակիրճ ներկայացրել նրա կենսագրությունն ու անցած ուղին, և կարևորեց ԳՊՀ կատարած այցը:
Ռեկտորն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ողջունելի է ՀՀ 3-րդ նախագահի իմաստուն որոշումը՝ Արմեն Սարգսյանին հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ։ Արմեն Սարգսյանը լայնախոհ գիտնական է, իսկական մտավորական, բազմափորձ դիվանագետ, անբիծ քաղաքական գործիչ, հմուտ գործարար»։
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ու անմիջական ընդունելության համար և պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Հայաստան-ԵԱՏՄ- ԵՄ հարաբերություններին, կրթության խնդիրներին, երիտասարդության հիմնահարցերին: Անմիջական զրույցի ընթացքում ուսանողները հետաքրքրվեցին Արմեն Սարգսյանի նախասիրություններով:
Թեկնածուն անդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը, կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, կրթական համակարգի բարեփոխումը, երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը: «Նախագահ ընտրվելու դեպքում կցանկանամ միևնույն ճանապարհով քայլել ժողովրդի հետ միասին», - ասել է Արմեն Սարգսյանը:
Նա եղել է նաև Գավառի պետական համալսարանի պատմագիտական–հնագիտական թանգարանում և ծանոթացել պատմամշակութային արժեք ներկայացնող ցուցանմուշներին: