09/02/2018 11:59
«Մեդիալաբի» գլխավոր խմբագրի նկատմամբ սպառնալիքի գործով կիրականացվի օբյեկտիվ քննություն. Գլխավոր դատախազ (Տեսանյութ)
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ «Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ սպառնալիքների փաստի առթիվ հարուցված քրեական գործը կքննվի օբյեկտիվ։
Նա տեղեկացրեց, որ նյութերի նախապատրաստման փուլում պարզվել է սպառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը, հրավիրվել է ոստիկանությոն, հարցաքննվել է և նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։
«Դատախազը հսկողություն է իրականացնում։ Անձը կհրավիրվի, կտա ցուցմունքներ։ Այս գործով կիրականացվի օբյեկտիվ քննություն։ Մեզ մնում է կատարել պատշաճ քննություն իրականացնել ու պարզել մյուս հանգամանքները», - հավելեց Արթուր Դավթյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ հաղորդում տված անձը՝ այսինքն՝ Մարիաննա Գրիգորյանը կհրավիրվի հարցաքննության, կստանա տուժողի կարգավիճակ։
Լրագրողի հարցին, թե տասը օրը բավարար չէ՞ր, որ քրեական գործը ավելի վաղ հարուցվեր և հայտնաբերվեր անձը, Դավթյանը պատասխանեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը նյութերի նախապատրաստման համար տրամադրում է տասնօրյա ժամկետ և այդ ժամկետներում էլ կատարվել է նյութերի նախապատրաստումն ու քրեական գործի հարուցումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը Facebook սոցիալական ցանցում լուրջ սպառնալիք է ստացել, որի պատճառը եղել է լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։
Սպառնացողը վախեցրել էր, որ Medialab.am-ը կարող է արժանանալ 2015թ. հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։ Ավելի ուշ Մարիաննան հայտարարել էր, որ սպառնալիքները թեժացել էին՝ թիրախավորելով նաև անչափահաս դստերը։
Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դատապարտել էր «Մեդիալաբ»-ի խմբագրին ուղղված սպառանալիքները: