09/02/2018 14:47
Հետաքրքրվել ենք Արմեն Սարգսյանից՝ ինչպե՞ս է վերաբերվում նախագահական նստավայրը նախագահից խլելուն. Փաշինյան
Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասացինք, որ թեև նախագահի մեր թեկնածուն դե յուրե թեկնածու չէ, բայց մեր պատկերացրած նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, ամփոփելով ՀՀԿ նախագահի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ հանդիպումից հետո խմբակցության դիրքորոշման մեջ Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ փոփոխություն չի եղել:
Փաշինյանի խոսքով՝ խմբակցությունը հետաքրքրվել է, թե ինչ տեսլական ունի Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնի վերաբերյալ:
«Խոսել ենք այն մասին, թե ինչպես է նա վերաբերում այն փաստին, որ ի հեճուկս Սերժ Սարգսյանի հայտարարության, որը ինքը չի հավակնում վարչապետի պաշտոնին, մինդչեռ պրոցեսներն ընթանում են այնպես, որ նա առաջադրվի: Մենք ընդգծել ենք, որ դա ներքաղաքական իրավիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է, և այդ պարագայում ով էլ լինի հանրապետության նախագահը, լուրջ դերակատարման և խաչմերուկի մեջ կարող է հայտնվել: Հետաքրքրվել ենք՝ ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ ըստ էության նախագահական նստավայրը պատրաստվում են խլել նախագահից», - նշեց Փաշինյանը:
«Ելք»-ը նաև հարցեր է ուղղել Արմեն Սարգսյանին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում նա ունի ներման համակարգում առաջարկվող փոփոխություններով, որոնց համաձայն՝ ներման գործառույթն անցնելու է նախագահից վարչապետին: Խոսվել է նաև ընտրակաշառքների, Մարտի 1-ի, Արմեն Սարգսյանի երկքաղաքացիություն ունենալու և մի շարք այլ հարցերի շուրջ:
Թե ինչ պատասխաններ է խմբակցությունը ստացել Արմեն Սարգսյանից, Նիկոլ Փաշինյանը չցանկացավ բարձրաձայնել.
«Ինքը պատասխանել է հարցերին, մենք պատասխաններն ընդունել ենք ի գիտություն: Ես կոռեկտ չեմ համարում իր պատասխանները հրապարակելը, որովհետև կարծում եմ, որ այս հարցերի շուրջ քննարկում կլինի հրապարակային, երբ նա առաջադրվի նախագահի թեկնածու»:
Դիտարկմանը, թե արդյոք իր մոտեցումներով Արմեն Սարգսյանը տարբերվում է գործող իշխանության ներկայացուցիչներից, Փաշինյանն ասաց.
«Եթե Արմեն Սարգսյանը Հանրապետականի թեկնածուն լինի, պետք է ՀՀԿ նախագահի թեկնածուն էլ լինի ու այդպսիով ինքն իշխանության թիմի մեջ է, սահմանադրական նոր գործառույթներով, որի վրա դրված է քաղաքական պարտավորություն՝ չինել չեզոք և անաչառ: Արեմն Սարգսյանը, եթե համաձայնվի լինել նախագահի թեկնածուն, նշանակում է ինքը համաձայնվում է լինել այդ դերակատարման մեջ: Դրանով ամեն ինչ ասված է»: