20/02/2018 15:00
Դռնփակ նիստերը խթանում են, որպեսզի հանրությունն ավելի չվստահի գաղտնի պայմաններում որոշում ընդունող կառավարությանը. Հերիքնազ Տիգրանյան
Իրավաստեղծ գործընթացը միտում ունի ոչ թափանցիկ գնալու, «Իշխանության ճյուղերի տարանջատումը խորհրդարանական համակարգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը:
«Հիմա նիստերը դռնփակ են, եթե պետական գաղտնիքին առնչվող հարցեր չեն քննարկվում, բայց նախագծի հեղինակները հակառակ ուղղությամբ են գնում ու արդեն վարչապետը միանձնյա կորոշի, որ կարելի է արդյոք նիստի այդ մասը դռնբաց անցկացնել, թե ոչ», - նշեց Տիգրանյանը:
Վերջինս ընդգծեց, որ նախագծով չկա պահանջ կառավարության նիստերի օրակարգի հրապարակման մասով, ինչը նշանակում է՝ հանրությունն ընդհանրապես տեղեկացված չի լինելու, թե ինչ հարց է քննարկում կառավարությունը:
«Մեր կառավարությունը գոնե մինչ այս ավելի լավ պրակտիկա էր որդեգրել՝ հրապարակելով օրակարգում քննարկվող հարցերի փաթեթները, այսինքն՝ եթե կառավարության նիստը դռնփակ անցկացվեր, մենք գիտեինք` ինչ հարցեր էին դրանցում քննարկվում, ինչ լուծումներ են տրված, ու որևէ նախարար սահմանափակված չէր իր կարծիքն արտահայտել հարցի վերաբերյալ», - հավելեց նա:
Հիշեցնենք, որ նախագծով կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի մասին, իսկ քննարկված հարցերի մասին արձանագրությունները հրապարակվում են վարչապետի կողմից նպատակահարման համարվող մասով:
«Այս ռեժիմը չի կարող կառավարության գործունեության նկատմամբ եղած կամ չեղած վստահությունը բարձրացնել: Սրանով խթանում ենք, որպեսզի հանրությունն ավելի չվստահի գաղտնի պայմաններում քննարվող կամ որոշում ընդունող կառավարությանը», - նշեց նա: