27/02/2018 16:50
Լիտվան՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարող է հուսալի կամուրջ լինել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել հայ-լիտվական հարաբերությունների զարգացման մակարդակը՝ ընդգծելով դեսպան Պետրիկասի անձնական ջանքերը թե՛ միջպետական, թե՛ միջխորհրդարանական կապերի ընդլայնման հարցում:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է ցեղասպանությունների դատապարտմանն ու ժխտողականության մերժմանը: Նա նշել է, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիայի 70-րդ հոբելյանական տարվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանը նախաձեռնել է մի շարք երկրներում կազմակերպել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով ցուցադրություններ:
Նշվել է, որ ապրիլի 30-ին նման ցուցադրություն ընդդեմ թուրքական ժխտողականության նախատեսված է իրականացնել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Անդրադարձ է կատարվել Լիտվայում նման ցուցադրություն կազմակերպելու հնարավորությանը:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Լիտվան՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարող է հուսալի կամուրջ լինել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա ընդգծել է փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը Լիտվայի խորհրդարանի կողմից:
Դեսպանն իր հերթին կարևորել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը, որը, նրա խոսքով, լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտների զարգացման համար: