07/03/2018 14:33
Սպառողին մնում է աղոթել առողջ մնալու համար. Բաբկեն Պիպոյանը՝ կաթում հայտնաբերված խախտումների մասին
«Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 13 արտադրողի կաթ, որոնցից 5-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, ոսկեգույն ստաֆիլակոկ, բուսական յուղ և ՄԱՖԱՄ բարձր քանակ։
Փորձաքննությունն իրականացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ։ «Հետք»-ը փորձաքննության համար կատարել է գնում՝ խանութից, ՍԱՊԾ-ն՝ նմուշառում է իրականացրել արտադրամասերից՝ մի քանի օր շուտ։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց` միայն այն, որ մի բանն անընդհատ լինի ուշադրության կենտրոնում, բավարար չի, որ խնդիրները լուծվեն։
Հարցին, թե այս պարագայում ի?նչ պետք է անեն սպառողները, Բաբկեն Պիպոյանն արձագանքեց. «Մեր խնդիրն է ոչ թե աղմուկ բարձրացնելը, այլ` մշակել այն գործիքները, մոտեցումները, որոնք հնարավորություն են տալու բացառելու, և ոչ թե բացահայտելու պրոբլեմներ»։
Մինչդեռ, ըստ նրա, երկու տարվա ընթացքում մի քանի անգամ նույն ոլորտը մտնում է հսկողության տակ և արձանագրվում են նույնանման խախտումներ, ինչը նշանակում է, որ կիրառվող մեթոդաբանությունը արդյունավետ չէ։
Ինչ վերաբերում է հետազոտության փաստին, Բաբկեն Պիպոյանն ասաց, որ պետք է մի կարևոր բան հաշվի առնել. ««Հետքը» նմուշառում է իրականացրել լիազոր մարմնի հետ համագործակցությամբ, այն բանից հետո, երբ լիազոր մարմինը արտադրությունից է նմուշառում իրականացրել։ Ըստ իս, այստեղ մոտեցումների մեջ էական տարբերություններ են եղել, որովհետև ճիշտ կլիներ, որպեսզի լիազոր մարմինը «Հետք»-ից հետո նմուշառում իրականացներ, որովհետև արտադրողներն արդեն իրացման ցանց դուրս են թողել ապրանք, որն արդեն անցել է լիազոր մարմնի «թրի տակով»»։
Այս պարագայում, արդեն, սպառողների շահերի պաշտպանի խոսքով, ունենալ այսպիսի պատկեր, խիստ մտահոգիչ է։
«Սպառողին մնում է այս պարագայում աղոթել առողջության համար։ Ամենակարևորը, պետք է հետևողական լինել։ Տեսնում ենք այն ցանկը, որտեղ կարող են վտանգներ լինել, առնվազն պետք է բոյկոտել և հնարավորինս խուսափել այդ ապրանքատեսակից։ Սա, իրապես, ցույց է տալիս, որ գործիքները, որոնք կիրառվում են, ազդեցություն չեն թողնում», - եզրափակեց խոսքը Բաբկեն Պիպոյանը։