14/03/2018 18:43
Սերժ Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը կատարողական վարույթների որակի նկատմամբ
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը զեկուցել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ոլորտում 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների, նորամուծությունների շնորհիվ առանձին ուղղություններով աշխատանքների բարելավման, ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, կատարողական վարույթներով հաշվետու ժամանակաշրջանում վերականգնված գումարների, քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքների, գանգատների ընդհանուր բովանդակության և քանակի, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և 2018 թվականի համար նախանշված առանցքային միջոցառումների մասին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Ծառայության կողմից 2017 թվականին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 26 742 071 800 ՀՀ դրամ, որը գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 23.4%-ով:
Ծառայության կողմից հաշվետու ժամանակաշրջանում ընթացք է տրվել 1 599 389 կատարողական վարույթների: Այս ցուցանիշը, ըստ գլխավոր հարկադիր կատարողի, գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը շուրջ 4.9%-ով:
Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունների կանոնակարգման նպատակով գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հանձնարարականներով նախորդ տարի ներդրվել են բռնագանձման ենթակա գույքերի իրացման գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովող հավելյալ մեխանիզմներ:
Դրանից բացի, 2017 թվականի փետրվարից գործարկվել է էլեկտրոնային աճուրդներին մասնակցելիս վճարային նոր համակարգը, որն աճուրդի մասնակիցների համար ավելի է դյուրինացնում գործընթացը:
Նախագահին նաև ներկայացվել է 2017 թվականին ծառայության գործառույթների և նոր ծրագրերի մասին քաղաքացիների իրազեկման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2017 թվականին ծառայությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական երկրներում անցկացվող միջազգային գիտագործնական համաժողովներին, սեմինարներին, մասնագիտական այլ միջոցառումներին:
Արմեն Հարությունյանը զեկուցել է նաև 2018 թվականին նախատեսված միջոցառումների մասին, որոնք կապված են կատարողական վարույթի կողմերի ծանուցման մեխանիզմների կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման, կատարողական վարույթների իրականացման նկատմամբ վերահսկողության ուժեղացման, ինչպես նաև մի շարք այլ հիմնահարցերի հետ:
Նախագահը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը կատարողական վարույթների որակի նկատմամբ, ակտիվ համագործակցություն ապահովել վարչական մարմինների հետ կատարողական վարույթներին առնչվող հարցերում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման միջոցով հասնել մարդկային ռեսուրսների հնարավորինս քիչ օգտագործմամբ վարույթների արդյունավետության բարձրացմանը: