15/03/2018 10:47
Հետխորհրդային շրջանում դժվար է վերափոխումներ իրականացնելը. Սվիտալսկի
Հայաստանն այսօր համակարգային բարեփոխումների փուլում է, ԵՄ Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14-րդ նիստի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Մենք մեր աջակցությունն ենք առաջարկում, ինչպես նաև կփորձենք գործակցել հանրային կառավարման ոլորտի շրջանակում: Այդ նպատակով մենք մոտ 20 միլիոն եվրոյի աջակցություն ենք նախատեսում», - տեղեկացրեց Պյոտր Սվիտալսկին:
Նա համոզմունք հայտնեց, որ հենց այս հարթակում կարող են փորձով փոխանակվել:
ԵՄ դեսպանի խոսքով՝ մարտահրավերները նույնն են Արևելյան գործընկերության բոլոր երկրների համար.
«Նրանք նույն վիճակում են: Հետխորհրդային շրջանում դժվար է վերափոխումներ իրականացնելը, քանի որ տեխնոլոգիաները զարգանում են, խնդիրները՝ փոխվում կամ ավելանում»։
Անդրադառնալով Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցում կատարելու փաստին, Պյոտր Սվիտալսկին ասաց, թե բարեփոխումները լավ են ընթանում: