03/04/2018 14:43
Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են ԿԸՀ գործունեության մասին խորհրդարանական լսումներ հրավիրել
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններն առաջարկում են ԿԸՀ գործունեության մասին խորհրդարանական լսումներ հրավիրել:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժաովի նիստին ԿԸՀ գործունեության մասին հարցի քննարկման ժամանակ «Ելք»-ի պատգամավոր Արտակ Զեյնալյանը առաջարկեց թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնել՝ նշելով, որ նիստի ձևաչափը հնարավորություն չի ընձեռում թեմայով իրենց հուզող բոլոր հարցերը բարձրաձայնել:
«Ծառուկյան» խմբակցության պատագամավոր Գևորգ Պետրոսյանը միացավ առաջարկին՝ նշելով, որ որպես ընտրություններից դժգոհ ուժի ներկայացուցիչ՝ ինքը ևս կողմ է լսումներ անցկացնելու առաջարկին:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը համաձայնեց ընդդիմադիր գործընկերների առաջարկին. «Այս հաղորդման նպատակը միայն դիրքորոշում լսելն ու հարցեր տալը չէ, այլ ԿԸՀ մեկ տարվա աշխատանքի արդյունքները լսելով՝ փորձել լուծումներ տալ, հետևաբար, այս հաղորդումների քննարկումը շատ արդյունավետ կարող է լինել օրենսդրական կատարելության համար: Այս հարցը պետք է հնարավորինս լայն քննարկման առարկա դարձնենք, որպեսզի կարողանանք օրենսդրական փոփոխությունների միջոցով տալ այնպիսի կարգավորումներ, որ առաջին հերթին կբարձրացնի հանրության վստահութնունը ընտրական իրավունքի նկատմամբ: Ես կառաջարկեմ մինչև քննարկելը լսումներ անցկացնելու հանարավորությունը մեր գործընկերների հետ քննարկենք», - ասաց Կոստանյանը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ևս համաձայնեց խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկին: