16/04/2018 16:31
Նիկոլ Փաշինյանը շուտով կգա Բաղրամյան պողոտա. Արսեն Խառատյան
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լուրջ վնասվածքներ չունի, լրագրողներին տեղեկացրեց «Իմ քայլը» շարժման մասնակից Արսեն Խառատյանը:
«Շատ արագ նա կգա Բաղրամյան պողոտա», - ասաց Ա.Խառատյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով քաղաքացիներ են տուժել։
Տուժել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ելք»-ի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը։
«Նիկոլ Փաշինյանն ինձ հետ էր, պատնեշը ճեղքելիս ընկել է փշալարի վրա։ Վերջին տեղեկության համաձայն նրան տեղափոխեցին Նաիրի բժշկական կենտրոն», - հաղորդեց Տիգրան Ավինյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ևս վիրավոր է։
«Ալեն Սիմոնյանն էլ է վիրավորվել։ Թեթև վնասվածքներ էլ ես ունեմ։ Հիմնականում վնասվածքը փշալարերից է եղել, հնարավոր է նաև բախման պահին վահաններից էլ վնասվածքներ լինեն», - ասաց նա։