22/04/2018 14:50
Նիկոլ Փաշինյանին Շենգավիթի ոստիկանությունում չեմ տեսել. Փաստաբան
ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը գտնվել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի պետի սենյակում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով այժմ գտնվում է ոստիկանության նույն բաժանմունքում։
«Ես ուղղակի գիտեմ այդքանը, չեմ կարող ասել, թե ինչ քննչական գործողություն է իրականացվում», - ասաց Բաղդասարյանը։
Նա նաև ասաց, որ ինքը Շենգավիթի ոստիկանության բաժանմունքում չի տեսել Նիկոլ Փաշինյանին և տեղյակ չէ՝ որտեղ է պատգամավորը։
Հարցին, թե արդյոք ոստիկանական ուժերը իրավունք ունեին պատգամավորներին հարկադրաբար տեղափոխել ոստիկանություն, փաստաբանը բացասական պատասխան տվեց՝ նշելով. «Պատգամավորները ներկայացնում են և ունեն իշխանություն՝ անկախ նրանից ընդդիմադիր են, թե ոչ։ Նրանց ձերբակալելու ընթացակարգը Սահմանադրությամբ ամրագրված է»։
Նշենք, որ Սահմանադրության 96-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի անձեռնմխելիությունը.
«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ՝ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»։