16/05/2018 12:57
Ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքերով հարուցված քրեական գործով տուժող է ճանաչվել 25 անձ, այդ թվում` 5 լրագրող և 1 փաստաբան
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև վարույթ են ընդունվել 50-ից ավելի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործեր` 2018 թ.-ի ապրիլի 13-ից Երևանում, ինչպես նաև հանրապետության մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած հավաքների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների հաղորդումների հիման վրա:
Վերջիններս, մասնավորապես, հայտնել են, որ իրենց բերման ենթարկած ոստիկանները ծեծել և բռնություն են գործադրել իրենց նկատմամբ: Նաև հայտնել են, որ վնասվածքներ են ստացել ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով:
Նկատի ունենալով նշված քրեական գործի բարդությունն ու բազմադրվագ լինելը, ինչպես նաև բացահայտման ենթակա հանգամանքները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է կատարել լայնածավալ և անհետաձգելի քննչական գործողություններ, ստեղծվել է քննչական խումբ:
Քրեական գործի շրջանակներում քննություն է կատարվում ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց կողմից վերոհիշյալ դեպքերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների, այդ թվում` լրագրողների և փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու ավելի քան 60 դրվագով:
Մայիսի 16-ի դրությամբ հիշյալ քրեական գործի շրջանակներում արդեն տուժող է ճանաչվել 25 անձ, այդ թվում` 5 լրագրող և 1 փաստաբան:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միաժամանակ հայտարարում է, որ այն քաղաքացիները, ովքեր նշված դեպքերի օրերին տուժել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների անհամաչափ գործողությունների հետևանքով, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: