16/05/2018 20:45
Չինաստանը Լուսնի վրա մարդկանց գտնվելու նմանակման համաշխարհային ռեկորդ է սահմանել (Տեսանյութ)
Պեկինի Ավիացիայի և տիեզերագնացության համալսարանի ուսանողներն ավարտել են Լուսնի վրա մարդկանց կյանքի նմանակման 370-օրյա գիտափորձը՝ սահմանելով դրա տևողության համաշխարհային ռեկորդ, հայտնել է China Daily թերթը, փոխանցում է ТАСС-ը:
Այդ ամբողջ ժամանակ ութ կամավոր՝ պատանիներ և աղջիկներ, փոխարինելով միմյանց նախագծի երեք փուլերից յուրաքանչյուրում, չորսական հոգով գտնվել են 150 քառակուսի մետրից փոքր-ինչ ավելի մակերեսով հատուկ պատիճախցիկում, որը գտնվում է համալսարանի տարածքում և իրենից ներկայացնում է «Յուեգուն-1» («Լուսնի պալատ-1») լուսնային մոդուլի պատճենը: «Համակարգն իր ինքնաբավությունն ապացուցեց 98 տոկոսով. այն գործեց կայուն, անձնակազմի կյանքի ապահովման՝ մեծ աստիճանի արդյունավետությամբ», - հայտարարել է «Յուեգուն-1»-ի կոնստրուկտոր Լյու Հունը:
Սպասվում է, որ մոտ ապագայում այս նախագծի շնորհիվ Չինաստանը կկարողանա մեծ արդյունավետությամբ ձեռնամուխ լինել Լուսնի վրա հենակայանի ստեղծման հաջորդ՝ հանգուցային փուլին: «Յուեգուն-1»-ը բաժանված է բնակելի գոտու և երկու ջերմոցների»՝ բույսերի աճեցման հատվածամասերի: Դրանցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է հատուկ սարքավորված զետեղարան՝ համապատասխանաբար 50 և 60 քառակուսի մետր մակերեսով, առաստաղի 3,5 մետր բարձրությամբ: Բնակելի մոդուլի մակերեսը կազմում է 42 քառակուսի մետր: Այդ տարածքում տեղավորված են չորս առանձին ննջարան, ընդհանուր սենյակ, լոգարան, նաև թափոնների մշակման սենյակ և կենդանիների բուծման հատվածամաս: