16/05/2018 12:41
Նիկոլ Փաշինյանի փոխարեն ԱԺ կգնա Ալեն Սիմոնյանը. ԿԸՀ-ն մանդատներ տրամադրեց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Ազգային ժողովի մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին, նման որոշում կայացվեց այսօր հրավիրված ԿԸՀ նիստում։
ՀՀԿ-ից Գրիգոր Ավալյանի փոխարեն մանդատ տրվեց Հակոբ Հակոբյանին, իսկ Աղվան Վարդանյանի փոխարեն՝ Ռուզաննա Առաքելյանին։
Արարատ Միրզոյանի փոխարեն մանդատ տրվեց Հրաչյա Հակոբյանին, Մանե Թանդիլյանի փոխարեն՝ Հովիկ Աղազարյանին, իսկ Արտակ Զեյնալյան փոխարեն՝ Հայկ Կոնջորյանին։
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ, Հայաստանի վարչապետ ընտրվեց պատգամավորների 1/3-րդի կողմից առաջադրված, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ ընտրվելուց հետո նրա առաջարկությամբ Արարատ Միրզոյանը նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Արտակ Զեյնալյանը՝ Արդարադատության նախարար։
Աղվան Վարդանյանը ՀՅԴ-ի պահանջով վայր էր դրել պատգամավորական մանդատը, իսկ Գրիգոր Ավալյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։