17/05/2018 10:40
«Բալասանյան» դաշինքի անդամները որոշել են մեկ տարով ապահովագրել Սամվել Բալասանյանին՝ վախենալով հեղափոխության ուրվականից. Արմենուհի Վարդանյան
Գյումրիի քաղաքապետարանում շարունակվում է օրենքի ուժով գումարված արտահերթ նիստը։
Ավագանու «Բալասանյան» խմբակցության 13 անդամ անվստահություն են հայտնել քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Անվստահություն հայտնողներից Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ճիշտ քայլ են կատարել՝ պատի տակի, փողոցի խոսակցությունները բերելով հարթակ։
«Ինքս կողմ եմ, որ Սամվել Բալասանյանը շարունակի ղեկավարել Գյումրին և կարողանա իր թիմի հետ միասին իրականացնել ծրագրերն ու խոստումները», - ասաց Բալասանյան խմբակցության անդամը։
Ելույթ ունեցավ նաև ընդդիմադիր «Գալա» խմբակցության անդամ Արմենուհի Վարդանյանը։
«Դուք ոչ միայն անհարգալից իրավիճակի առաջ եք դրել Ձեր թիմի ներկայացուցիչներին, քանի որ նրանք այսօր, մեղմ ասած, տհաճ իրադրության առաջ են, որովհետև անվստահույթուն հայտնելով Ձեզ՝ ստիպված են դեմ դուրս գալ իրենց իսկ որոշմանն ու այսօր հայտարարել, որ իրականում իրենք վստահում են Ձեզ ու ցանկանում են Ձեզ տեսնել քաղաքապետի պաշտոնում։
Սա ոչ թե վստահության տեստ է, այլ ընդամենը մտավախություն, որ հնարավոր է առաջիկա զարգացումները կամ հեղափոխության ուրվականը քշի բոլոր նրանց, որոնց ոտքերի տակ երերում են։ «Բալասանյան» դաշինքի անդամները որոշել են պարզապես մեկ տարով ապահովագրել Սամվել Բալասանյանին, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի, եթե անվստահության հարց է քննարկվում, դրանից հետո մեկ տարի շարունակ հնարավոր չէ անվստահություն հայտնել քաղաքապետին։ Ահա այս մանրախնդիր հաշվարկներն են դրվել այս նախաձեռնության հիմքում», - հայտարարեց «Գալա» խմբակցության անդամ Արմենուհի Վարդանյանը։