21/05/2018 16:15
Հայաստանը և Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները` ԼՂ հակամարտության և Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում. Բաբլոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 21-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով, տեղեկացնում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:
Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունները վերջին տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի են հասել: ԱԺ նախագահը բարձր է գնահատել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով` երկկողմ ամուր հարաբերությունները պայմանավորված են պատմամշակութային, հոգևոր և արժեհամակարգային ընդհանրություններով:
Ըստ Արա Բաբլոյանի` այս այցը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու մեծ հնարավորություն է, ինչն իր հերթին կնպաստի բարեկամ երկրների միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը` հույս հայտնելով, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին` Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը և Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում:
«Թեև մեր առջև դրված են տարբեր խնդիրներ, սակայն կարգավորման առումով մոտեցումը նույնն է` առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»,- ասել է Արա Բաբլոյանը:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Կիպրոսն ու Հայաստանն ընդհանրություններ շատ ունեն և հաշվի առնելով այդ հանգամանքը` կարելի է առավել խորացնել ու զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Դեմետրիս Սիլուրիսն առաջարկել է ստեղծել խորհրդարանական համագործակցության եռակողմ ձևաչափ` Կիպրոս-Հայաստան-Հունաստան: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարևորել է հնչած առաջարկը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` Դեմետրիս Սիլուրսը վերահաստատել է, որ Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում և միջազգային տարբեր հարթակներում մշտապես աջակցել և աջակցելու է Հայաստանին:
Հանդիպմանը կողմերը կարևորել են Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը` նշելով, որ հայերը Կիպրոսի հասարակության լիիրավ անդամներ են և մեծ դեր ունեն պետության զարգացման գործում:
Հայաստանի և Կիպրոսի պատգամավորները, անդրադառնալով գիտակրթական, մշակութային, տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում հետագա զարգացման հնարավորություններին, ընդգծել են, որ առկա մեծ ներուժ կա:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանն ու Դեմետրիս Սիլուրիսը եղևնի են տնկել ՀՀ Ազգային ժողովի այգում` ի նշան երկու ժողովուրդների հարատև բարեկամության, որից հետո լրատվամիջոցների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: