23/05/2018 12:17
Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում իմ կոչին. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում կրկին հորդորել և պահանջել է բոլորից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ:
«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու և առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին:
Սիրելի հայրենակիցներ, կրկին խնդրում, հորդորում և պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու և լուծելու համար:
Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ, կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ:
Կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետևաբար՝ ընդդեմ ժողովրդի», - գրել է Ն.Փաշինյանը: