06/06/2018 17:46
Արմեն Թութունջյանի տարելիցին տեղի կունենա նրա իսկ նախաձեռնած գրքի շնորհանդեսը. մանրամասնում է ջազմենի որդին
Հունիսի 8-ին կլրանա ուղիղ մեկ տարին, ինչ մեր կողքին չէ անվանի ջազային երաժիշտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի հիմնադիր ու ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն (Չիկո) Թութունջյանը: Հենց այդ օրը ճանաչված ջազմենի որդին՝ Հայկ Թութունջյանը, հանրությանը կներկայացնի հոր հեղինակած՝ «Ջազը Հայաստանում» ռուսալեզու գրքի հայերեն տարբերակը, որի հրատարակման գործընթացը սկսել էր դեռևս Ա. Թութունջյանը:
«2014 թվականին լույս տեսավ հայրիկիս հեղինակած «Ջազը Հայաստանում» ռուսալեզու գիրքը, որը ներկայացնում է Հայաստանում էստրադային և ջազային երաժշտության ծագման և զարգացման պատմությունը, այդ պատմությունը կերտող երաժիշտներին, արվեստագետներին: Գրքի հրատարակումից արդեն 4 տարի է անցել: Այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բազմաթիվ ջազային իրադարձություններ՝ ջազ-փառատոններ, համերգներ, ի հայտ են եկել բազմաթիվ երիտասարդ անուններ, որոնք, տրամաբանորեն դուրս էին մնացել առաջին գրքից: Գրքի նոր, հայերեն տարբերակում ավելացվել են 2014-2017 թվականին տեղի ունեցած իրադարձությունները, կան նաև բազմաթիվ նոր անուններ: Այդ աշխատանքը հայրս հասցրել էր անել: Հայերեն տարբերակում ինքս մանրամասն անդրադարձել եմ երկու՝ ինձ համար շատ կարևոր միջոցառումների. մեկը ԱրմԱս գիներգոծական համալիրի կողմից կազմակերպված «Գինի և ջազ» փառատոնն էր, որից, ցավոք, 4 օր անց հայրս հանկարծամահ եղավ: Մյուսը նրա մահից մի քանի ամիս անց իմ կազմակերպած հիշատակի համերգն էր: Այս գրքում իմ հիշողություններով և տպավորություններով կիսվել եմ այդ երկու միջոցառումների մասին», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Հայկ Թութունջյանը:
Գրքի ռուսերեն հրատարակությունից հետո Արմեն Թութունջյանի նպատակն է եղել այն նաև հայերեն և անգլերեն հրատարակել: Հայկ Թութունջյանը չի էլ կռահել, որ հայրը հայերեն հրատարակության գործընթացը սկսել է: Ջազմենի մահից որոշ ժամանակ անց պատահաբար տեղեկանալով այդ մասին՝ ընկերներից ու մտերիմներից հետաքրքրվեց՝ որտե՞ղ ու ի՞նչ փուլում են գտնվում նոր գրքի աշխատանքները:
«Ես գիտեի, որ նրա մեծ ցանկությունն էր հրատարակել այդ գրքի հայերեն տարբերակը, սակայն տեղյակ չէի, որ աշխատանքի մեծ մասն արդեն կատարված էր: Հորս վախճանից ամիսներ անց իր կրտսեր գործընկեր, դաշնակահար Ռաֆայել Պետրոսյանն ինձ ասաց, որ հայրս իրեն ասել էր, որ գրքի հայերեն տարբերակը գրեթե պատրաստ է տպագրության: Ես այդ ժամանակ բնակվում էի Մոսկվայում և կարճատև այցելություններիս ժամանակ փորձում էի գտնել գրքի թարգմանությունը: Նաև հույս ունեի, որ ինչ-որ մեկը հետս կապ կհաստատի ու կասի, որ այդ թարգմանությունն իր մոտ է: Մի օր հորս գրասեղանին աչկովս ընկավ «Վան Արյան» հրատարակչատան տնօրենի հեռախոսահամարը: Անմիջապես զանգահարեցի և ուրախությամբ տեղեկացա, որ հայերեն թարգմանությունն իրենց մոտ է և գիրքը գրեթե պատրաստ է տպագրության», - նշեց մեր զրուցակիցը:
Հայերեն հրատարակության տպաքանակը 300-ն է: Անդրադառնալով գրքի անգլերեն թարգմանությանը՝ Հ. Թութունջյանը նկատեց, որ գիրքը բավականին ծավալուն է, հավանաբար մոտ ժամանակներս կսկսեն թարգմանության աշխատանքները, որպեսզի գոնե մեկ տարի հետո լույս տեսնի գրքի անգլերեն տարբերակը:
Ջազը Հայաստանում բավական ակտիվ կյանքով է ապրում, ի հայտ են գալիս նոր անուններ: Դիտարկմանն՝ արդյոք դա չի ենթադրում, որ ժամանակ առ ժամանակ գիրքը վերահրատարակվելու ու վերջին զարգացումներն իր մեջ ներառելու անհրաժեշտություն ունի, պատասխանեց.
«Դա իմ մեծ ցանկությունն է, վստահ եմ՝ նաև հորս ցանկությունն է եղել, երբ նա սկսեց այս ահռելի աշխատանքը` այդչափ մանրամասն և հետաքրքիր ձևով պատմել հայկական ջազի 80-ամյա պատմությունը: Հուսով եմ՝ իր կատարած աշխատանքը կշարունակվի և կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան շարունակել այս կարևոր գործը: Ես հավակնություն չունեմ ինքս ստանձնելու այդ աշխատանքը, քանի որ պրոֆեսիոնալ երաժիշտ չեմ և ընդամենը ջազի սիրահար եմ: Ես ունեմ երաժշտական դպրոցի կրթություն, մեծացել եմ երաժշտական ընտանիքում, բայց ինձ, բնականաբար, ջազի գիտակ չեմ համարում: Այդ գործը պետք է շարունակեն ջազարվեստում ակտիվ ներգրավված պրոֆեսիոնալները, ովքեր այդ ամենը կարող են պատմել առաջին դեմքով: Իսկ ես իմ հերթին այդ ամենին կաջակցեմ՝ որքան որ հնարավոր է»: