06/06/2018 16:18
Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը պատգամավորների երաշխավորությամբ փոխելու մասին միջնորդությունը, և Կյուրեղյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Ավելի վաղ Aysor.am-ը գրել էր, որ Արեգ Կյուրեղյանի ազատման համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Հրաչ Հակոբյանը։
Կյուրեղյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին երաշխավորության համար և ասաց, որ նիստերին ներկայանալու է։
Նշենք, որ օրեր առաջ փոխվել էր նաև նրա եղբոր՝ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի պատժի կրման տեսակը՝ փակից անցում էր կատարվել բաց։