13/06/2018 11:52
Պետք է այնպես անել, որ պարտադիր բաղադրիչը հանվի. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո չի տեսնում Արծվիկ Մինասյանի հրաժարականի անհրաժեշտությունը։
«Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր, որովհետև նա այդ ոլորտի ղեկավարն էր և ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ա. Ռուստամյանն ընդգծեց, որ այս իրավիճակում պետք է հետևողական լինել և պետք է լուծվի պարտադիր բաղադրիչին վերաբերող հարցը։ Նրա խոսքով՝ կառավարությունում քննարկվող հարցը ոչ թե վերաբերում էր պարտադիր բաղադրիչի վերացմանը, այլ ուղղված էր հարցի վերաբերյալ մեղմացման ճանապարհներ գտնելուն։
«Ինքը՝ վարչապետն էլ, արձանագրել է, որ սահմանադրականությունը պահպանելու խնդիր կա, արդարությունը վերականգնելու խնդիր կա։ Կարծում եմ, որ մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ նպատակ ենք դնում այս հարցը արդար և սահմանադրական նորմերի մեջ տեղավորելով լուծել։ Սա որպես միջանկյալ քայլ է կատարվում, որը ամսի 1-ին սպասվող վիճակը թեթևացվում է», - նշեց նա։
Ռուստամյանն ընդգծեց, որ քննարկման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այս հարցը օրակարգից չի վերանում. «Մենք պետք է գնանք դեպի այն, որ պարտադիր բաղադրիչը հանվի։ Դա է խնդիրը»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ ՀՅԴ-ն չպաշտպանեց Թանդիլյանի մոտեցումը, որ մեկ տարով պետք է հետաձգել օրենքի ընդունումը, Ռուստամյանն ասաց.
«Մենք պաշտպանել ենք այդ նախագիծը, բայց չի քննարկվել այդ նախագիծը։ Մենք չենք օրակարգը ձևավորում, կառավարության գործունեության կարգ կա»։