20/06/2018 14:53
Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը. Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Մոլդովայի պատվիրակության ղեկավար Վիոլետա Իվանովի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Կողմերը կարևորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, փոխայցերի աշխուժացումը:
Անդրադարձ է կատարվել սևծովյան տարածաշրջանում առկա հակամարտություններին. զրուցակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մտահոգություններ հայտնել որոշ խնդիրների առնչությամբ: Կարևորվել է հակամարտությունների կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի է: Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չպետք է լինի: Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը»:
Զրուցակիցները կարևորել են փոխշահավետ համագործակցության խորացումը միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում: