12/07/2018 21:11
ԱՄՆ-ում ձերբակալվել է Թրամփի հետ սկանդալում ներգրավված պոռնոդերասանուհին
Ամերիկացի նախկին պոռնոաստղ, Playboy էրոտիկ ամսագրի մոդել Սթորմի Դենիելսը ձերբակալվել է ԱՄՆ-ի Օհայո նահանգի մերկապարի ակումբներից մեկում` բեմի վրա ելույթ ունենալու ժամանակ այցելուին իրեն դիպչել թույլ տալու համար: Այս մասին Twitter-ում գրել է նրա փաստաբան Մայքլ Ավենատին:
Ինչպես նշում է «РИА Новости»-ն, նահանգի օրենսդրությունն արգելում է «դիպչել մերկ կամ կիսամերկ պարողին» նրանց, ովքեր նրա ընտանիքի անդամ չեն: Փաստաբանի կարծիքով՝ այս ձերբակալությունն «ամբողջությամբ կեղծիք է»:
«Հենց նոր տեղեկություն ստացա Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում իմ հաճախորդ Սթորմի Դենիելսի ձերբակալության մասին», - գրել է Ավենատին՝ նշելով, որ դերասանուհին կատարում էր նույն համարը, ինչ երկրի մյուս ակումբներում:
«Ենթադրաբար, նա ձերբակալվել է այն բանի համար, որ թույլ է տվել այցելուին դիպչել իրեն բեմում գտնվելու ժամանակ:
Դուք կատակո՞ւմ եք: Միթե իրավապահ մարմիններում ռեսուրսներ են տրամադրվում նման գործողություններ իրականացնելու համար: Պետք է ավելի բարձր առաջնահերթություններ լինեն», - նշել է փաստաբանը՝ հավելելով, որ պաշտպանությունն ակնկալում է, որ Դենիելսն ազատ կարձակվի գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ Սթորմի Դենիելսն ակեղծ հարցազրույց էր տվել Թրամփի հետ ինտիմ կապի մասին: Նա մանրամասնել էր, որ Թրամփի հետ սեռական հարաբերություն է ունեցել մեկ անգամ և իր կամքով՝ փոխհամաձայնության արդյունքում: Այնուհետև Դենիելսը պատմել է, որ երբ 2011թ. համաձայնել է սկանդալային պատմության հրապարակման իրավունքը վաճառել ամսագրերից մեկին, լուրջ սպառնալիք է ստացել Թրամփի մարդկանցից մեկից: