26/07/2018 22:02
Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ. Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել (Տեսանյութ)
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք չի տվել։
«Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար, որպես վկա կարգավիճակում, սակայն երբ ինձ հայտարարեցին, որ իմ կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակ է, ես հրաժարվեցի ցուցմունք տալ», - այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռ.Քոչարյանը։
Նրա խոսքով, ինքն ապշել է մեղադրանքին ծանոթանալով։ Այդուհանդերձ պաշտոնաթող նախագահը հայտարարել է, որ կպայքարի մինչև վերջ։ «Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ։ Ո՞ւր պետք է փախչեմ», - ասել է նախկին նախագահը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, Aysor.am-ին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նշենք, որ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը երկրորդ մեղադրյալն է: Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը սակայն Հայաստանում չէ և հետախուզման մեջ է։