08/08/2018 16:49
Ոստիկանին ուղղված Էդվարդ Գրիգորյանի կրակոցից քիչ էր մնում զոհվեր նաև մեր Լամբարյան Արմենը. Պավլիկ Մանուկյանը պնդեց սկանդալային հայտարարությունը
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազ Արամ Արամյանը դատարանին միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման փուլի ընթացակարգը և սկզբում հարցաքննել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի պարագլուխներից Պավել Մանուկյանին։ դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը և որոշվեց հարցաքննել Մանուկյանին։
Դատավոր Մեսրոպ Մակյանը խնդրեց անդրադառնալ նախորդ դատական նիստերից մեկում արած իր սկանդալային հայտարարությանը՝ Էդվարդ Գրիգորյանի ու Մխիթար Ավետիսյանի մասին, ինչին Մանուկյանը արձագանքեց.
«Իմ ասածը բացարձակ ճշմարտություն է։ Եթե այդ քայլը Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ իմ որդին՝ Արամ Մանուկյանը, ապա, ժողովուրդ, ես հայտարարելու էի, որ այդ պատահական կրակոցի հեղինակը Արամ Մանուկյանն է։ Չնայած Արամ Մանուկյանն ինքն էլ կհայտարարեր այդ մասին։ Իմ ասածը բացարձակ ճշմարտությունն է»։
Մեղադրող դատախազը դիմելով Մանուկյանին, հիշեցրեց, որ հուլիսի 17-ի դատական նիստում Մանուկյանը հայտարարել է, թե «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են այնպիսի հանցագործության համար, որի հետ կապ չունեն։ Դատախազը նաև ասաց, որ ըստ Մանուկյանի նույն հայտարարության, արձակած կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար մեղադրվում է Արմեն Բիլյանը, իսկ բանկոմատը բացելու հեղինակը Մխիթար Ավետիսյանն է, որի համար դարձյալ մեղադրվում է Արմեն Բիլյանը։ Դատախազը խնդրեց պարզաբանել, թե ի՞նչ հանգամանքներում է տեղեկություններ ստացել այդ մասին, արդյոք ականատես է եղել կատարվածին։
Նշենք, որ Մխիթար Ավետիսյանն ու Էդվարդ Գրիգորյանը ազատության մեջ են, նրանց խափանման միջոցը փոխվել է։
«Կրակոցին ականատես եմ եղել ես, մեկ մետր հեռավորության վրա է եղել և քիչ էր մնում պատահաբար զոհվեր նաև մեր Լամբարյան Արմենը։ Պատահական կրակոց։ Իսկ բանկոմատին վերաբերող՝ ոչ մեկս էլ տեղյակ չենք եղել, բացառությամբ իրենից (նկատի ունի՝ Մխիթար Ավետիսյանից-հեղ.)», -հայտարարեց Մանուկյանը՝ ներկայացնելով ՊՊԾ գնդում ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները։
Մանուկյանը պատմեց, որ Մկրտչյանին վիրավոր վիճակում օգնել են, տեղափոխել են անվտանգ տարածք, «կես ժամից ավել» իրենց հետ խոսել է Մկրտչյանը։ Ինչ վերաբերում է Արմեն Բիլյանին, ապա Մանուկյանի պնդմամբ, նա ընդհանրապես այնտեղ չի եղել։ «Բիլյանը եղել է վարոտների մոտ, իսկ դեպքը եղել է զինանոցի կողքի սենյակում», -նշեց Մանուկյանը։ Էդվարդ Գրիգորյանի կողմից, ըստ Մանուկյանի ցուցմունքի, կրակոցը եղել է պատահական, որից «բոլորս շշմեցինք»։
Ինչ վերաբերում է բանկոմատից խոշոր չափի գումարի թալանին, մեղադրողը հարցրեց, թե եթե տեղյակ չի եղել բանկոմատից գումարի հափշտակությանը, ապա ի՞նչն է հիմք տալիս ենթադրելու, որ Մխիթար Ավետիսյանն է հափշտակությունն արել, Մանուկյանը արձագանքեց. «Հափշտակություն չի եղել, ի՞նչ հափշտակության մասին է խոսքը։ Մենք ըտեղից հափշտակելու, տանելու հնարավորություն չունեինք»։
Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք բանկոմատ հափշտակելու համար չեն եկել։ Իսկ հարցին, թե որտեղի՞ց է իմացել, որ բացել են բանկոմատը, Մխիթար Ավետիսյա՞նն է ասել իրեն, Մանուկյանը պատասխանեց. «Դա էլ թող Մխիթար Ավետիսյանը պատմի, թե կոլեգիալ ոնց են որոշել անել։ Գիտեմ, որ բացել են բանկոմատը, ում էլ որ դիմել են, ասել են՝ հիմնավորի՝ ինչի համար է պետք բացել բանկոմատը»։
Նկատենք, որ Պավլիկ Մանուկյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ չէր տվել։