09/08/2018 16:30
Քոչարյանի իրավունքները խախտվել են և նրա նկատմամբ գործողություններով ՀՔԾ պետն ուզում է հաճոյանալ նոր իշխանություններին. Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ Ընդդեմ իրավական կամայականությունների կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը պաշտպանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիրքորոշումը և պնդում՝ նախկին նախագահի նկատմամբ իրավական գործընթացներն անօրինական են։
«Այն, թե մեղավոր է, մեղավոր չէ, ինչ չափով է մեղավոր, դա միանգամայն այլ գործընթաց է։ Իսկ այն՝ ինչպես է դա արվում, ահա դա է խնդիրը։ Իսկ դա արվում է մարդու իրավունքների ոտնահարումներով», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ հասարակության կողմից «ամենաչսիրված անձի» նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է քննվի «ոսկերչական ճշգրտությամբ»։
Հատուկ քննչական ծառայության պետի Սասուն Խաչատրյանի հայտարարությունը, թե պետք է Քոչարյանը մնա կալանքի տակ և պնդումը, թե իրենք ճիշտ ուղու վրա են, ըստ Ալավերդյանի, իրավապահ համակարգում աննախադեպ ճնշումներից է։
«Դա ոչ թե ճնշում է, այլ դա այն նույն պրակտիկան է, որի դեմ, ես համոզված եմ, ուզում է պայքարել այս նոր իշխանությունը։ Ես այստեղ կասկած չունեմ, և հակասությունը դրա մեջ է՝ հայտարարված նպատակները ու կիրառվող մեթոդները վերին աստիճանի տարբեր են», - հայտարարեց Ալավերդյանը։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՔԾ պետի նման վարքագիծը, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Շտապողականությամբ։ Եվ բացի այդ, մարդկային գործոն կա՝ ամեն մարմնի ղեկավար օր առաջ ուզում է ապացուցել իր հավատարմությունը նոր իշխանություններին»։
Տիկին Ալավերդյանը նկատեց, որ ինքը շատ է ցանկանում, որ այս իշխանությունները հասնեն հաջողության, սակայն, նրա կարծիքով, չպետք է շտապողականություն ցուցաբերել լավագույն նպատակներին հասնելու մեթոդների ընտրության հարցում։
«Դատական իշխանությունները մեկ օրվա, երկու ամսվա կամ 100 օրվա մեջ չեն փոխվում։ Ո՞վ է տեսել, որ իշխանությունները զանգեն կամ պահանջեն դատական իշխանությունից, դա միամտություն է։ Դա պարտադիր չէ։ Բավական է ՀՔԾ պետի մեկ հայտարարություն, որ խափանման միջոցը միայն կալանավորումը պետք է լինի, դա կներեք, ավելի վատ բան է, քան հեռախոսով զանգելը։ Հրապարակային նման բան հայտարարելը մեծ ճնշում է։ Իմ ցանկությունն է, որ նման քայլերին վերջ տան», - հայտարարեց Լարիսա Ալավերդյանը։
Իրավապաշտպանը, միաժամանակ, ամոթալի համարեց Քոչարյանի փաստաբանների նկատմամբ իրականացվող արշավը, նրանց հասցեին հնչեցվող վիրավորանքները։
Հիշեցնենք, որ Լարիսա Ալավերդյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 2004-2006 թվականներին, եղել է Հայաստանում Մարդու իրավունքների առաջին պաշտպանը։ Երևանի կենտրոնում կառուցապատման ծրագրի իրականացման ու այդ նպատակով քաղաքացիներին իրենց տներից վտարելու հարցի շուրջ այն ժամանակվա նախագահ Քոչարյանի հետ հակասությունների պատճառով էլ նրա հրամանագրով ազատվել էր այդ պաշտոնից։