09/08/2018 13:31
ՀՔԾ պետը՝ մարտիմեկյան դեպքերին Հովիկ Աբրահամյանի մասնակցության մասին
Բազմիցս խոսվել է, որ 2008-ի մարտի 1-ին բացի կանոնավոր բանակից, բացի ներքին զորքերից, եղել են նաև զինված խմբեր, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
«Հիմա գործի նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը», -ասաց ՀՔԾ պետը։
Հարցին, թե նախաքննական մարմինը կասկածում է, որ Հովիկ Աբրահամյանի զինված խմբերը ևս մասնակցել են դեպքերին, ՀՔԾ պետը պատասխանեց. «Դա վարկած է, որը ստուգվում է»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության հնարավորության մասին, սակայն Սասուն Խաչատրյանը վերահաստատեց նախկինում ասվածը. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ հարցաքննվելու են բոլոր անձինք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի վերաբերյալ։ Նախաքննությունն է որոշելու՝ ելնելով գործի շահերից»։
Դիտարկմանը, թե Փաստահավաք խմբի զեկույցում, ինչպես նաև մամուլում նաև Գագիկ Ծառուկյանի մասին է նշվում, Սասուն Խաչատրյանը արձագանքեց. «Չեմ կարող այդ մասին հստակ բան ասել։ Բազմաթիվ վարկածներ կան, որոնք ստուգվում են։ Նախաքննության շահերից ելնելով չեմ կարող մանրամասնել տվյալներ»։