14/08/2018 13:57
Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսել Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով
Երևանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ակցիայի մասնակիցներին հաջողվել էր ներխուժել մամուլի ասուլիսի սրահ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը պետք է հանդիպեր լրագրողներին:
Ակցիայի պատճառով երկրորդ նախագահի մամուլի ասուլիսը տապալվել էր:
Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցները կանգ առան ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց` պահանջելով, որ դատախազությունը վիճարկի Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում:
Ակցիայի մասնակիցների մոտ իջավ դատախազության ներկայացուցիչը` վերահաստատելով նախօրեին արված հայտարարությունը, որ բողոքարկման մասին հարցը դատախազությունում կքննարկվի Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո:
Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ, որտեղ ստորագրահավաք են սկսել Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով.
«Այս դատավորը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք աշխատել է նախագահի աշխատակազմում և սա անընդունելի է», - ասացին ակցիայի մասնակիցները:
Հիշեցնենք, որ նախօրեին դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը: