23/08/2018 12:09
Եթե Հայաստանում «ջրային մաֆիա» կա, պետք է կապիտուլյացիայի ենթարկվի. Վարչապետ (Տեսանյութ)
Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Սևանա լճից մինչև 40 մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնելու որոշմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս որոշումը որակեց ամենացավալին իր կառավարության համար:
«Սա, երևի մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունը երևի 1,5 ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում, և մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա ու հարցերը լուծվեն առանց նման որոշման», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ քննարկումները բուռն էին:
«Դրանց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ՝ կա որոշակի ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավականին բարդ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից փակուղային է կառավարության համար կրկնակի, մի դեպքում՝ գյուղատնտեսության համար, մյուս դեպքում՝ այն քաղաքական համոզմունքի համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա և, ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում և մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք», - ասաց վարչապետը:
Նա ընդգծեց՝ ոռոգման համակարգում պետք է լինեն լրջագույն լուծումներ:
«Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլն է շրջանառում, ՀՀ-ում «ջրային մաֆիայի» գոյությունը և, եթե այդպես է՝ միանշանակ է, որ այդ «ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը: