18/10/2018 09:30
Մահացել է «Ստամբուլի աչքը»՝ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը
Հոկտեմբերի 17-ին երեկոյան 90 տարեկան հասակում Ստամբուլում մահացել է հայկական ծագմամբ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Նրան անվանում էին նաև «Ստամբուլի աչք» և «Ստամբուլյան լուսանկարիչ»։
Արա Գյուլերը բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ է ստացել։ Նրան մեծարել է նաև Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը։ Հատկապես հայտնի էր նրանց լուսանկարներից մեկը, որը 2012-ին ճանաչվել էր տարվա լավագույններից մեկը։
Նա բազմաթիվ ֆոտոռեպորտաժներ է իրականացրել համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի և այլոց հետ:
Նկատենք, որ Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը արվեստագետների հավաքատեղի է։