22/10/2018 12:44
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի ընդունումը հարվածի տակ է. Պատգամավորները բացակա են արտահերթ նիստից
Խորհրդարանում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ որոշ լարվածություն առաջացավ, երբ քվեարկության դրվեց հարցը քննարկելու մասին որոշման նախագիծը:
Բանն այն է, որ կառավարությունը սկզբում առաջարկում էր նախագիծը քննարկել և ընդունել 24 ժամվա ընթացքում, սակայն, լսելով պատգամավորների դժգոհությունը սահմանադրական օրենքը հապշտապ ընդունելու մասին, առաջարկեց այն ընդունել 72 ժամվա ընթացքում: Այսինքն՝ և առաջին, և երկրորդ ընթերցումների համար տրվում է 72 ժամ 24 ժամի փոխարեն:
«Ծառուկյան» խմբակցությունը մինչ այդ որոշման նախագծի քվեարկությունը, օգտվելով իր իրավունքից, խորհրդարանից 20 րոպե ընդմիջում խնդրեց: Ընդմիջումից հետո որոշման նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց՝ կողմ քվեարկեց ընդամենը 44 պատգամավոր:
Դաշնակցությունը խմբակցությունը ձեռնպահ էր: Հիշեցնենք՝ այս խմբակցությունը դեմ է նման հապշտապ կարգով սահմանադրական օրենքն ընդունելու կառավարության քայլերին:
Քվեարկության նման ելքը անակնկալ էր նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի համար, և վերջինն առաջարկեց առաջին ընթերցմամբ օրինագիծը քննարկել, քվեարկել և հետո միայն հասկանալ՝ ինչ է պահանջում օրենքն ստեղծված իրավիճակում:
Նկատենք, որ խորհդրարանում գրանցված պատգամավորների թիվը 57 է, մինչդեռ սահմանադրական համարվող Ընտրական օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ը, այսինքն՝ 63 պատգամավորի ձայն: Չի բացառվում, որ բացակա պատգամավորներն այդպես էլ չներկայանան նիստին:
Այդուհանդերձ, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին հնարավորություն տրվեց ներկայացնել նախագիծը:
Փաստաթղթի մասին բազմիցս տեղեկացրել ենք: Ընտրական գործընթացը կարգավորող օրենսգրքում հիմնական փոփոխությունները սրանք են՝ ընտրություններն անցկացվելու են համամասնական ցուցակներով և գոյություն ունեցող ռեյտինգային ցուցակները վերանալու են։ Խորհդարան ընտրվելու նվազագույն շեմն առաջարկվում է իջեցնել՝ կուսակցությունների համար ներկայիս 5 տոկոսը դարձնելով 4, իսկ դաշինքների համար 7 տոկոսը՝ 6 տոկոս: Առաջարկվում է նվազեցնել նաև ընտրագրավը՝ ներկայիս նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկի փոխարեն դարձնելով 4 հազար հինգ հարյուրապատիկ:
Առաջարկվում է նվազագույնը երեք կուսակցությունների և դաշինքների փոխարեն թույլատրել Ազգային ժողովում ներկայացված լինել առնվազն 4 կուսակցություն կամ դաշինք և մանդատների բաշխումը իրականացնել նրանց միջև, այսինքն՝ 2 տոկոս հավաքած 4-րդ ուժը կարող է անցնել խորհրդարան։
Առաջարկվում է նաև կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ 25 տոկոսի փոխարեն սահմանելով 30 տոկոս: