21/01/2019 15:28
ԵՊՀ-ում իրականացվող ստուգումներին սկանդալայնություն հաղորդելը վնասում է թե՛ ԵՊՀ հեղինակության, թե՛ գործի էությանը. Դավիթ Ափոյան
Aysor.am-ը ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի հետ զրուցել է ուսանողական խորհրդի վերջին հայտարարության, ԵՊՀ-ի և Պետական վերահսկողական ծառայության հեռակա բանավեճի, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի գալիք նիստի մասին:
- Դավիթ, մի քանի օր առաջ մամուլում տարածվեց ձեր պաշտոնական հայտարարությունը, որում նշել էիք, որ ձեր կանոնադրությունը, չնայած ԿԳՆ-ի կողմից պատասխան չի ստացել, այնուամենայնիվ օրենքի ուժով համարվել է ընդունված: Ինչպե՞ս կմեկնաբանեք ԿԳՆ-ի լռությունը:
- Չեմ ցանկանա մեկնաբանություններ տալ, քանի որ այն կարող է որպես քաղաքական հայտարարություն ընկալվել: Մենք անդրադարձել ենք հարցի միայն իրավական կողմին. այն է սահմանված ժամկետում չպատասխանելը հանգեցրել է կանոնադրության օրենքի ուժով հաստատմանը: Մեզ համար առանցքայինն այն է, որ այս ամենով ուսանողական խորհրդի կարգավիճակի վերաբերյալ շահարկումներին վերջակետ դրվեց: Հետաքրքիր է, որ այն, ինչ մեզնից պահանջվում էր, մենք արեցինք, այսինքն` համաձայն նախարարության առաջարկի՝ մշակեցինq նոր կանոնադրություն, ընդունեցինք և ուղարկեցինք հաստատման: Սակայն ինչպես արդեն հայտնի է, նրանք չպատասխանեցին մեր գրությանը: Կցանկանամ նաև հավելել, որ ըստ գործող օրենքի, ԿԳՆ-ն պետք է ուսանողական խորհրդների ստեղծման և գործունեության կարգ սահմաներ, որը երբեք չի սահմանել, սակայն ԿԳՆ գործող կազմը հայտարարել է, որ նախաձեռնելու են այդ գործընթացը: Մենք ակնկալում ենք, որ այդ գործընթացը անցնելու է հանրային լայն քննարկման ճանապարհով՝ առաջնահերթ նշանակություն տալով բուհերի ուսանողական կառույցներին:
- Վերջին շրջանում Վերահսկողական ծառայության և ԵՊՀ-ի մեջ բանավեճ ծավալվեց, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ: Ձեր կողմից որևէ արձագանք չի եղել: Ի՞նչ կասեք այս հարցի վերաբերյալ:
- Քանի դեռ գործընթացի բոլոր մանրամասները պարզ չեն, մենք չենք կարող մեզ թույլ տալ մեկնաբանություններով հանդես գալ: Մենք չենք հավակնում ոչ մասնագիտական, ոչ իրավական գնահատականներ տալուն, ուստի կսպասենք համապատասխան ընթացակարգերի ավարտին: Սակայն մեր դիրքորոշումը հստակ է. եթե ԵՊՀ-ում կան խախտումներ կամ չարաշահումները, դրանց պատասխանատուները պետք է կրեն համապատասխան իրավական պատասխանատվությունը: Այդ գործընթացին գերհանրայինություն կամ նույնիսկ սկանդալայնություն հաղորդելը վնասում է թե՛ ԵՊՀ հեղինակության, թե՛ գործի էությանը: «Ասուլիսային» կամ «ֆեյսբուքյան» արդարադատությունից պետք է հրաժարվել: Գործը պետք է քննվի իրավապահ մարմինների կողմից, իսկ որոշում պետք է կայացնի դատարանը՝ առանց հավելյալ աղմուկի, քանի որ գործ ունենք պետության համար կարևորագույն կառույցի՝ Մայր բուհի հետ: Այս ամենի հետևանքով կարող է բուհի նկատմամբ առաջանալ ինստիտուցիոնալ անվստահություն, որի հետևանքների դժվար կլինի հաղթահարել:
- Ինչպես արդեն հայտնի է, հունվարի 22-ին տեղի է ունենալու ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա նիստից:
- Առաջին հերթին ակնկալում եմ տեսնել համագործակցային միջավայր: Ակնկալում եմ, որ այն բացասական հարաբերությունները, որ վերջին ամիսներին եղել են իշխանության և ԵՊՀ-ի միջև, խորհրդում որևէ կերպ չեն շարունակվի: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մասին վերջին շրջանում հիմնականում խոսվել է բացասական կոնտեքստում, ինչը շտկելու պարտականությունը բոլորինս է: Ունենալու ենք հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ, և ցանկալի կլիներ, որ նա լիներ հեղինակավոր, հասարակության մեջ վստահություն ներշնչող մարդ: Հոգաբարձուների խորհրդի նպատակներից մեկը բուհի համար հավելյալ ֆինանսական մուտքեր ապահովելն է: Այդ տեսակետից շատ կցանկանամ, որ գործարար համայնքի ներկայացուցիչները ավելի ակտիվ ներգրավվեն խորհրդի աշխատանքներում: Իսկ մենք ուսանողներով կփորձենք հնարավորինս արդյունավետ ներկայացնել ուսանողության շահերը:
- Իսկ ովքե՞ր են խորհրդի անդամ հանդիսացող ուսանողները:
- Հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամները 8-ն են, այլ կերպ ասած՝ կազմի 25%-ը: Նրանք այն ուսանողներն են ովքեր, բավարարելով հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամների համար սահմանված չափանիշները, սեփական նախաձեռնությամբ ինքնաառաջադրվել են և ստացել ուսանողական խորհրդի նախագահության վստահության մանդատը: Թեպետ ուսանող անդամներին ընտրել է ուսանողական խորհրդի նախագահությունը, վստահաբար կարող եմ ասել, որ նրանցից ոչ ոք կաշկանդված չէ այդ հանգամանքով, ավելին՝ անդամների մի մասը ուսխորհրդական էլ չէ: