24/01/2019 17:45
Թուրքիան երբևիցե չի թաքցրել Արցախի առնչությամբ իր նպատակները. Բաբայան
Թուրքիան մշտապես պանթյուրքիզմի գաղափարախոսություն և հայատյացության քաղաքականություն է իրականացնում, ինչը ոչ ոքի համար նորություն չէ։ Այդ երկիրը, եղբայրակից Ադրբեջանի նման, երբևիցե չի թաքցրել Արցախի հարցի առնչությամբ իր նպատակները։ Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի այսօրվա այն հայտարարությանը, որ Արցախի կորուստը ևս մեկ դաս էր նաև Թուրքիայի համար։
«Մենք ասում ենք, որ հակամարտ կողմերի ներկայացուցիչների հանդիպումները դրական են, նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ Ողջունել ենք Փաշինյան-Ալիև՝ Դավոսում օրերս կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Սահմանին, իրոք, խախտումների թիվը կտրուկ նվազել է, բայց միաժամանակ, իրավիճակը դրանով չպետք է չափենք»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Վերջինս հիշեցրեց, որ 2018 թվականին Ադրբեջանում իրականացված մի շարք զորավարժություններում զգալի է եղել թուրքական զինուժի ներկայությունը, այդ թվում՝ տանկերի և ռազմական օդուժի տեսքով։
«Երկու երկրները չէին թաքցնում, որ զորավարժությունների հիմնական թիրախն Արցախն է, հետևաբար չպետք է մոռանանք, որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս որպես մեկ ընդհանուր աշխարհաքաղաքական ուժ։ Այդ երկու երկրները հայկական պետականությունը դիտարկում են որպես իրենց գլխավոր թշնամի։ Մենք մեր հերթին հնարավորություն ունենք պայքարել դրա դեմ՝ չկորցնելով զգոնությունը՝ լինելով միասնական ու համախմբված։ Պետք է ունենանք հզոր բանակ և վարենք հավասարակշռված քաղաքականություն՝ չեզոքացնելու թուրք-ադրբեջանական գործոնը», - նշեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը՝ համոզմունք հայտնելով, որ առաջին հարմար առիթին Թուրքիան չի ընկրկի հատելու Հայաստանի սահմանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ այսօր հիշատակել է Արցախը՝ նշելով, որ «դրա կորուստը ևս մեկ դաս էր նաև Թուրքիայի համար»՝ անցյալի սխալները չկրկնելու և քաղաքական, տնտեսական ու ռազմական հզորությունը զարգացնելու համար: