02/02/2019 12:28
Արտակ Զեյնալյանը չի հերքել լրագրողի պնդումը Մհեր Ենոքյանին ներում չշնորհելու մասին
Դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի պատասխանի վերաբերյալ։
Նախօրեին ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում անդրադարձել է, առհասարակ, ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու կամ այն մերժելու մեխանիզմներին։
Լրագրողը հարցը ձևակերպել է հետևյալ կերպ՝ «Մհեր Ենոքյանի ներման խնդրագրին վարչապետը բացասական եզրակացություն է տվել, մի փոքր հետ գնանք՝ իսկ ինչո՞ւ այդպիսի աղմուկ առաջացավ»։
Ի պատասխան նախարարը ներկայացրել է միջազգային ընդունված պրակտիկան՝ չհաստատելով կամ չհերքելով կոնկրետ Մհեր Ենոքյանի դեպքում ներման խնդրագրի վերաբերյալ «բացասական եզրակացության» մասին լրագրողի պնդումը։
«Բոլորը պետք է իմանան, որ ցմահ ազատազրկումը պայմանական պատժաչափ է։ Դա ամբողջ աշխարհում ընդունված է և միջազգային իրավունքի սկզբունքից բխում է, որ անձը պետք է մոտիվացված լինի ապրելու ու մոտիվացված լինի իր վարքագիծը համապատասխանեցնելու օրինականությանը։ Նա պետք է իմանա, որ ինչ-որ մի ժամանակ շանս ունի ազատվելու այդ պատժից։ Հայաստանում դա միջին թիվ է՝ 20 տարի։ Այսինքն, այդ ժամկետից հետո անձը կարող է հավակնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, հավակնել ներման», - ասել է Արտակ Զեյնալյանը։
Նշենք, որ Արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրել էին, որ նախարարությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը։
««Ներման մասին» օրենքի համաձայն, ներման խնդրագրի վերաբերյալ ծանուցումն Արդարադատության նախարարությունն ուղարկում է ներման խնդրագիր ներկայացրած անձին կամ դիմումի և լիազորագրի հիման վրա այն տրամադրում է լիազորված անձին», - մեզ հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Аysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին։