06/02/2019 13:44
Արա, լակոտ և ով ում է շնորհակալություն հայտնել. Վալերիյ Օսիպյանի հարցաքննությունն անցել է լարված մթնոլորտում
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստին ներկա էր նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ տուժողի կարգավիճակում։
Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման գործով ցուցմունք տվեց: Վալերիյ Օսիպյանը, հիշեցնենք, 2016 թվականին, երբ տեղի է ունեցել գնդի գրավման դեպքը, Երևանի փոխոստիկանապետն էր:
Դատարանում լարված իրավիճակ ստեղծվեց, երբ զինված խմբի անդամները հարցեր էին ուղղում Վալերիյ Օսիպյանին։
Արեգ Կյուրեղյանը հարց հնչեցրեց. «Ինչ եղել է, հիշու՞մ եք։ Ամենավերջում մոտեցել եք, իրար հետ զրույց եղել է, շնորհակալություն հայտնե՞լ եք մարդկային վերաբերմունքի համար՝ գնդից դուրս գալու առաջ»։
«Հնարավոր ա», - պատասխանեց Օսիպյանը։
Այս պատասխանին դահլիճն արձագանքեց ծափահարություններով։
«Ձեզանից մեկն էլ ներողություն է ինձանից խնդրել։ Եթե կոնկրետ շնորհակալություն եմ հայտնել, ուրեմն կոնկրետ անձ կա, որ իրեն եմ շնորհակալություն հայտնել, բայց ոչ բոլորին։ Ձեր եղբորը՝ Սերգեյին եմ շնորհակալություն հայտնել, որ իրենն ճիշտ է պահել իմ և ներսում գտնվող ընկերներիս նկատմամբ։ Հակառակն էլ է եղել, որ ինձանից են ներողություն խնդրել», - ասաց Օսիպյանը։
Արեգ Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե երբ գնդում խոսակցություն է եղել սահմանադրական կարգի տապալման մասին, իրեն բացատրվե՞լ է, որ սահմանադրական կարգը երկրում տապալված է և իրենց գործողությունները ուղղված են այն պահպանելու դեմ։
«Ինձ բացատրել պետք չի, ես կարող եմ շատերին բացատրել՝ ինչ է սահմանադրական կարգը, բայց դրա շուրջ խոսակցություն եղել է», - ասաց Օսիպյանը։
«Իսկ Դուք ընդունու՞մ եք, որ սահմանադրական կարգը տապալվել է», - դարձյալ հարցրեց Կյուրեղյանը։
Դատավորը հարցը հանեց։
Խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինչ-որ բան ասաց Օսիպյանին, դատավորը Բարսեղյանին նկատողություն արեց՝ տեղից չխոսել։ Օսիպյանն էլ արձագանքեց՝ որևէ մեկդ չփորձի ինձ բան բացատրել։
«Արա, դու չպիտի ասես ինչ խոսեն, լակոտ», - դահլիճից արձագանքեց Գևորգ Սաֆարյանը։
Դատավորը զգուշացրեց, եթե շարունակել դահլիճից արձագանքել, ապա գործի քննությունը կշարունակվի դռնփակ։
«Ես կորցրել եմ ընկերներ, եթե չլիներ այդ փաստը, միգուցե իմ դիրքորոշումն այլ լիներ։ Բայց ես կորցրել եմ ընկերներ, կարծում եմ, յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը», - ասաց Օսիպյանը։
Դատավոր Մակյանը հետաքրքրվեց՝ այսինքն, դատարանը կարո՞ղ է արձանագրել, որ Օսիպյանն առարկում է այս գործով կոնկրետ 10 անձանց նկատմամբ համաներում կիրառելուն։
«Դատաքննությունը պետք է շարունակվի և յուրաքանչյուրը կրի իր պատաժի։ Առարկում եմ», - պատասխանեց Օսիպյանը։
Այսքանով Վալերիյ Օսիպյանի հարցաքննությունն ավարտվեց։