11/02/2019 17:53
ՏՏ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, միջազգային տեսանկյունից մենք դեռ ոչ մի բան ենք. փորձագետ
Ոչ մի համաժողով, որքան էլ հեղինակավոր լինի, չի կարող արդյունավետ լինել, եթե այն դիտարկում ենք ուղղակի որպես առանձին միջոցառում։ ՏՏ ոլորտի համաժողովները, մանավանդ, պետք է լինեն ընդհանուր գործընթացի շարունակություն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ անդրադառնալով աշնանը Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) անցկացման թեմային։
WCIT-ը, նշենք, տեղեկատվական և հեռահաղորդակցական ոլորտի ամենահեղինակավոր համաժողովն է, որի հիմնական նպատակն է քննարկել ոլորտի հրատապ հարցերը և մարտահրավերները, ցույց տալ իրավական, քաղաքական և տնտեսական գործընթացների ազդեցությունը տեխնոլոգիական բիզնես մոդելի վրա:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, համաժողովի անցկացման օրերին Հայաստանը, ճիշտ է, հայտնվելու է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բայց դա ինքնանպատակ չպետք է լինի, միջոցառման անցկացումը պետք է լինի ընդհանուր հոսքի մի մաս։
«Մենք պետք է մեր օրակարգն ունենանք։ Հաշվի առնելով, որ ՏՏ ոլորտի հայաստանյան մի շարք կազմակերպություններ միջազգային շուկա են դուրս գալիս, դա արդեն հետաքրքիր հանգամանք է, բայց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) կարելի է օգտագործել Հայաստանը միջազգային շուկաներում էլ ավելի ներկայացված դարձնելու համար։ Այս տեսանկյունից բազմաթիվ խնդիրներ կան. Հայաստանը շատ տեղերում չի ընկալվում, ներկայացված չէ։ Ամենապարզունակ օրինակը բերեմ. մեր երկիրը չկա միջազգային վճարային համակարգերում, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում», - ասաց նա։
Տեղեկատվության անվտանգության փորձագետի համոզմամաբ, միշտ վտանգ կա, որ Հայաստանը կարող է դառնալ ընդամենը սպասարկող երկիր։ Միաժամանակ, տոկոսային տեսանկյունից Հայաստանը ՏՏ ոլորտում բավական առաջադեմ երկիր է։
«Այստեղ ՀՆԱ-ի մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների տոկոսը աշխարհում առաջնայիններից է, բայց դա՝ ընդամենը տոկոսային տեսանկյունից։ Եթե մենք վերցնենք ռեալ թվերը, դեռ շատ աճելու տեղ ունենք։ ՏՏ ոլորտում ազգաբնակչության բավականին փոքր տոկոսն է ներգրավված, կադրերի պակաս կա, օրենսդրական բազմաթիվ բացեր կան։ Այսինքն՝ մեր տեսանկյունից ՏՏ ոլորտը տնտեսության բավականին լուրջ ոլորտ է, իսկ միջազգային տեսանկյունից՝ մենք դեռ ոչ մի բան ենք։ Ներսում էլ, եկեք համաձայնենք, սեփական արտադրությունը շատ քիչ է օգտագործվում», - ամփոփեց Սամվել Մարտիրոսյանը։