14/02/2019 12:39
«Իմ քայլը»՝ իր 88 պատգամավորով, ծրագրին կողմ կքվեարկի և այն կանցնի, բայց պիտի լսելի լինի հակառակ կողմի տեսակետը. Սերգեյ Բագրատյան (Տեսանյութ)
ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կոչ է անում կառավարության ծրագրի վերաբերյալ իրենց դիտարկումները ոչ թե կոշտ քննադատությունների ենթարկել, այլ աշխատել փոխըմբռնման մեթոդով:
Բագրատյանն ընդգծեց, որ թեև պատգամավորների մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքը կարող է անցկացնել ծրագիրն ու քննադատել ընդդիմությանը՝ ասելով, որ իրենց առաջարկած ծրագիրը կարող են կյանքի կոչել, երբ լինեն մեծամասնություն, այնուամենայնիվ ընդդիմության խոսքը ևս պետք է լսելի լինի:
«Բոլորս էլ հաշվել գիտենք, պատկերացնում ենք, որ 88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» դաշինքը ծրագրին կողմ է քվեարկելու և այն անցնելու է: Այստեղ ցնցող նորություն չկա, դա ճշմարտություն է ու թեև 70 տոկոսի հավանության արժանացած քաղաքական ուժը ի վիճակի է անցկացնել նախագծեր, բայց բազմաթիվ քաղաքացիներ սպասում են ընդդիմության խոսքին ու պիտի լսելի լինի հակառակ կողմի տեսակետը», - ասաց նա:
Անդրադառնալով գործընկերների կողմից կառավարության ծրագրի հասցեին հնչեցրած դրական գնահատականներին՝ պատգամավորը կոչ արեց նաև չշահարկել վարչապետի վարկանիշը:
«Որևէ մեկը թող չփորձի շահարկել վարչապետի բարձ վարկանիշը: Այդտեղ բոլորս դեր ենք ունեցել ու մեր ժողովուրդն է դրան նպաստել է, տնտեսության զարգացումն էլ դրան կնպաստի: Բոլորս էլ նախանձախնդիր ենք, որ այդպես լինի, բայց չնշել մեր համար տեսանելի ուղղությունները ,ուղղակի իրավունք չունենք», - ասաց նա: