04/03/2019 15:17
Առաջարկվում է բուհերում ուսման վարձը վճարել ոչ թե տարեկան, այլ ամսեկան կտրվածքով
Ուսանողների համար շատ ավելի հեշտ է իրենց վարձերը վճարել 12 ամսվա կտրվածքով, քան ամբողջությամբ տարին մեկ կամ երկու անգամ, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի սփյուռքի, երիտասարդության ու սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձաժողովի անդամ, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Ռեկտորների հետ քննարկումների ժամանակ լսել եմ նրանց մտահոգությունները, որ հաշվապահական ինչ ինչ խնդիրներ կարող են առաջանալ, բայց կարծում եմ՝ ուսում ստանալը, որակյալ և կիրթ քաղաքացի ձևավորելն ավելի կարևոր է, քան հաշվապահական խնդիրները, որոնք բուհերում կարող են առաջանալ», - ասաց նա:
Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդգծեց, որ կառավարությունը դրական կարծիք է տվել նախագծին, իսկ նախարարությունը քննարկել է երկու մտավախություն՝ արդյոք դրանով բուհի ինքնավարությանը չի խոչընդոտվի և արդյոք դա ավելորդ ֆինանսական խնդիրների առաջ բուհերին չի կանգնեցնի:
«Հարցումներ ենք արել և պարզել, որ դա բուհի ինքնվարությանը չի խոչընդոտի, ֆինանսական խնդիրների առջև էլ բուհերը չեն կանգնի։ Այս նախաձեռնությունը բուհերի համար որևէ խոչընդոտ չի ստեղծի», - ասաց նա: