26/03/2019 13:05
Սահմանադրության ոգին խեղվել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքով. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել` ուժային կառույցները պիտի խորհրդարանական վերահսկողություն ունենան:
«Սահմանադրությունը, երբ գրվել է, գրվել է այն տրամաբանությամբ, որ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքով դա կլինի, հետո Սահմանադրության ոգին խեղվել է «Պետական կառավարման մարմինների մասին» և «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքներով: Այդ օրենքներն ընդունվեցին, Սահմանադրությունը խեղվեց և Հայաստանը դարձավ վարչապետական երկիր: Հիմա այդ համակարգը չի փոխվել, նույնությամբ մնացել է», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ եթե այս մարմինները շարունակեն մնալ կառավարության կազմում, դրանց նկատմամբ հնարավոր չի լինի խորհրդարանական վերահսկողություն իրականացնել, ինչը կբերի դրանց քաղաքականացմանը:
Մարուքյանը նաև նկատեց, որ պետք չէ սպասել ու ժամանակի ընթացքում հասկանալ, որ կառավարության նման կառուցվածքը պրոբլեմներ է առաջացնում հետո որոշել դրանք լուծել:
Հիշեցնենք, որ «Կառավարության կառուցվածքի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ընդգրկված է այսօր գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: