22/04/2019 11:57
Հեռուստացույցը կանխիկով գնեցի, տուգանքը վճարել եմ, վարկային վատ պատմություն էլ չունեմ. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեռ չի փակել իր ապառիկները։
«Ապառիկներ, վարկեր ունեի ու հիմա էլ ունեմ։ Իմ հաշվին ԴԱՀԿ-ի կողմից կալանք էր դրվել, որովհետև մեքենան ոչ ճիշտ վայրում կայանելու համար տուգանքը չէինք վճարել ժամանակին։ Երբ ես ուզում էի այլ ապառիկով գնում կատարել, բանկը մերժել էր», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Մյուս հարցին, թե ինչո՞ւ է ԱԺ նախագահը ապառիկով գնում կատարում, այն դեպքում, երբ աշխատավարձն այժմ բարձր է, Միրզոյանը պատասխանեց, որ այդպես ավելի հարմար է։
«Աշխարհում մարդիկ այդպես են անում՝ կանխիկ գումարով գնում չեն կատարում և ապառիկ գնումն են նախընտրում։ Իսկապես այդպես հարմար է։ Նույն տրամաբանությամբ ես փորձում էի հեռուստացույց գնել։ Եթե ձեզ հետաքրքիր է, ասեմ, որ հեռուստացույցը, ի վերջո, ստիպված եղա կանխիկով գնել, տուգանքն էլ վճարել եմ, վարկային վատ պատմություն էլ չունեմ»։