29/05/2019 13:48
Քաղաքապետարանը այգու վնասված արձանիկի վերականգնման հետ որևէ առնչություն չունի
Երևանի 2800-ամյակին նվիրված զբոսայգու խնամքը, պահպանումը և մնացած խնդիրների կարգավորումը վերապահված են Վարդանյան ընտանիքին, որն էլ ֆինասավորել է նշված այգու բարեկարգման ծախսերը, Aysor.am-ի թղթակցին այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե երբ է նախատեսվում վերականգնել այգու վնասված արձանիկներից մեկը։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը վնասված արձանիկի վերականգնման հետ որևէ առնչություն չունի։
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր իրենց էջերում լուսանկար են տեղադրել, որտեղ պարզ երևում է, որ այգու արձաններից մեկի՝ թղթե նավակով խաղացող երեխայի ձեռքը վնասված է։
Այս հանգամանքն առաջ է բերել այլ օգտատերերի զայրույթը, նրանցից ոմանք սա վայրենություն են որակել, իսկ ոմանք ավելի խիստ են գտնվել՝ նշելով, որ արձանը կոտրողի ձեռքը պետք է կոտրել։