19/06/2019 15:04
Յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան տալու է. Գլխավոր դատախազը արձագանքել է Քոչարյանի՝ «յախա թափելու մասին» հայտարարությանը (տեսանյութ)
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննության ժամանակ իրենց բողոքի հիմքերը ներկայացնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադարձավ Քոչարյանի պաշտպանական կողմի վարքագծին ու մի քանի հայտարարություն արեց։
Մասնավորապես, նա, դիմելով նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին, նկատեց, որ դատավորի հասցեին հնչում են հորդորներ, սպառնալիքներ ու հավելեց.
«Անմեղ ձևակերպումներով, որ յուրաքանչյուրն իր արարքի համար պատասխան է տալու կամ ենթարկվելու է պատասխանատվության, բնականաբար, այլ նպատակներ էլ ունի։ Ակնհայտ է, բացարձակ ճշմարտություն է, որ յուրաքանչյուրն իր արածի համար անպայման պատասխան տալու է։ Կարծում եմ՝ հենց այս քրեական գործը, հենց այս դատավարությունը դրա վառ վկայությունն է։ Կրկին պետք է շեշտեմ, որ շատ խորհրդանշական է, որ այս արտահայտությունը արվեց նաև գործով մեղադրյալի կողմից», - հայտարարեց Դավթյանը։
Նա, նայելով դատավորին, հույս հայտնեց, որ Արմեն Դանիելյանը չի տրվի հոգեբանական ճնշումներին ու «կմնա իր բարձր դիրքում»։
Նկատենք, որ գլխավոր դատախազը ակնարկում էր ավելի վաղ նույն դատարանում Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարությանը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության ներկայացման ժամանակ։
«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, իրոք, լավ հոտ չի գալիս այս ամեն ինչից։ Այս գործը կարելու, սարքելու համար մարդիկ հետագայում պատասխանատվության են ենթարկվելու շատ փիս», - դատավորին հորդորել էր Քոչարյանը։