14/09/2019 13:03
Շաբաթվա կարևոր իրադարձություններն՝ ամփոփ
Շաբաթվա կաևոր իրադարձությունների մասին Aysor.am-ը ներկայացնում է ամփոփ:
Ամուլսարի հարցը շարունակում է օրակարգում մնալ
Այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ամուլսարը չշահագործելու իրավական հիմքեր չկան:
Ամուլսարի թեման ԱԺ միջանքում ամենակտիվ քննարկվող թեմաներից էր: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոչ բոլորն են ցանկանում կարծիք հայտնել այս մասով: Կարծիք հայտնողներն էլ պնդում են՝ կառավարությանը չվստահելու հիմքեր չկան, մի մասն էլ նշում է, որ վարչապետի հայտարարությունը երկար քննարկումների արդյունք է եղել: Հանքի շահագործման մեջ ռիսկեր տեսնող պատգամվորներից Սոֆիա Հովսեփյան շարունակում է պնդել, որ իր կարծիքին է մնացել, իսկ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կրկին չի ցանկանում մեկնաբանություններ անել՝ նշելով, որ իր մտահոգությունները բարձրաձայնել է ՔՊ նիստերի ընթացքում, իսկ թե ինչ պատասխաններ է ստացել՝ Նազարյանը չի մասնավորեցնում: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ նշում է, որ ժողովրդի կողքին է լինելու ու պաշտպանի նրանց որոշումն Ամուլսարի հարցում:
Լքված խմբակցությունը
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այս շաբաթ հայտարարեց, որ լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Պատճառն ըստ Բաբաջանյանի այն է, որ հեղափոխությունից հետո նոր քաղաքական համակարգի, գաղափարների, սկզբունքների ու մտքի կարիք կա, որը, սակայն, նա չի տեսնում ԼՀԿ-ում կամ մեկ այլ քաղաքական ուժում:
Վայր դրված մանդատն ու հոգեկան տառապանքների վերջը
Իմ քայլական պատգամավոր Էդգար Առաքելյանը վայր դրեց մանդատը: Առաքելյանն անկեղծացել է, թե ինչու է նման որոշում կայացրել: Վերջինս մասնավորապես նշել է, որ զգացել է՝ զղջալու առիթեր շատ են լինելու, իսկ պատասխանատվություն կրելն էլ այն որոշումների համար, որոնց հետ համաձայն չէ հոգեկան տառապանքների է բերում:
Անտուն կենդանիների պաշտպանության հարցը ԱԺ ուշադրության կենտրոնում
Այս շաբաթ խորհրդարանում քննարկվեց ԲՀԿ առաջարկած նախագիծը՝ ուղղված անտուն կենդանիների պաշտպանությանը: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է քրեորեն պատժելի դարձնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Զոհրաբյանը նաև կոչ է արել առաջիկա օրերին քաղաքապետին հրավիրել ԱԺ քաղաքացիների համար վտանգավոր դարձած թափառող շների հարցը քննարկելու համար: Թեև հանձաժողովի նիստում Զոհրաբյանը գործընկերներին հորդորել էր չքաղաքականցնել հարցը, մինչդեռ իշխանական պատգամավորները մի շարք հարցեր հնչեցրին, այդ թվում՝ զավեշտալի, ինչպես օրինակ այն հարցը, թե արդյոք քրեորեն պատժելի է համարվելու տան առնետի դեմ պայքարը և այլն: Նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի երկուշաբթի օրը:
Տարաձայնություններ բանկային գաղտնիքի մասով
Կառավարությունում այս շաբաթ քննարկվեց «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծի փաթեթը, որի համաձայն առաջարկվում է հանցագործությունների քննությունների ժամանակ կասկածյալից ու մեղադրյալից բացի նրանց հետ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները դարձնել մատչելի իրավապահների համար: Որոշ տնտեսագետներ կառավարության նման որոշման մեջ ռիսկեր են տեսնում: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն, օրինակ, պնդում է, որ օրենքը բերելու է գումարների դուրսհանման և փակելու է օտարերկրյա ներդրումների մուտքը, իսկ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էլ համոզված է՝ «բանկային գաղտնիքի ոտնահարումով կառավարությունը կունենա ազատ ձեռքեր՝ ում որ ուզում է պատին դեմ տալու համար»:
Մեկնարկեց Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 12-ին (Շենգավիթի նստավայր) մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Մինչ դատական նիստը պաշտպանության նախկին նախարարը դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր՝ ամենակարևորն այն է, որ Քոչարյանն ազատ արձակվի: Քոչարյանի պաշտպանական խումբը ներկայացրեց խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդություն, որի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 17-ին: