03/10/2019 18:12
Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող կնոջից Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում գումար են պահանջել
Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող, աջ ոտքն ամպուտացված Հասմիկ Սմոյանը տարակուսած է. էլեկտրասրտագրության և էխոսրտագրության համար Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում իրենից գումար են պահանջել, մինչդեռ նա այս հետազոտությունները պետք է անցներ անվճար՝ պետպատվերի շրջանակներում։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ նախորդ ուրբաթ իրեն վատ է զգացել, հաշմանդամությունը վկայող բոլոր փաստաթղթերով գնացել է վերոնշյալ բուժհաստատություն, որպեսզի բուժզննում անցնի։
«էլեկտրասրտագրություն և էխոսրտագրություն անելու ժամանակ ինձ գումարի մասին ոչինչ չասացին։ Միայն ասացին, որ հետազոտությունները ոչինչ ցույց չեն տալիս, պետք է արյան անալիզ անել։ Ասացի՝ արեք։ Ասացին՝ պետք է վճարեք։ Զարմացա, հարցրեցի՝ ինչպե՞ս վճարեմ, հաշմանդամության առաջին կարգ ունեմ։ Բայց պատասխանեցին, որ ձևն այդպես է։ Ավելի ուշ պարզվեց, որ պետք է վճարեմ նաև սրտի հետ կապված ստուգումների համար։ Պատանդի նման ինձ որոշ ժամանակ սպասեցրեցին՝ սպառնալով, որ եթե անգամ հեռանամ, անձնագրիս տվյալներն ունեն։ Բայց ես, միևնույն է, գնացի հիվանդանոցից», - պատմեց Հասմիկ Սմոյանը։
Հիվանդանոցից հեռանալուց հետո 60-ամյա հաշմանդամ կինը, որը սրտի խնդիրներից զատ՝ նաև շաքարային դիաբետ և զարկերակային բարձր ճնշում ունի, զանգահարել է Առողջապահության նախարարության թեժ գիծ, որտեղից նրան ուղղորդել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրենի կամ փոխտնօրենի մոտ։ Սակայն նրանց հետ հանդիպում այդպես էլ չի կայացել, տնօրենն ու փոխտնօրենը տեղում չեն եղել։
«Նրանց հետ կապվելու համար ինձ տվեցին մի հեռախոսահամար, որը մինչև օրս անհասանելի է։ Նորից զանգահարեցի թեժ գիծ, ասացին՝ մոտեցեք հիվանդանոցի ղեկավարությանը՝ իրենք ինչպես կասեն, այդպես էլ արեք», - ասաց Հասմիկ Սմոյանն՝ ավելացնելով, որ նման վերաբերմունքի արժանանալուց հետո որևէ այլ բուժհաստատություն չի դիմել, գերադասել է իր խնդիրներով հանդերձ՝ մնալ տանը։