01/11/2019 12:21
Երևանի փոխքաղաքապետն առաջարկել է Կենդանաբանական այգու տնօրենին պաշտոնն ազատելու դիմում գրել
Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը առաջարկել է «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել։
Հիշեցնենք՝ այսօր Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը հայտարարություն է տարածել, որ առավոտյան այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը:
«Նոյեմբերի 1-ին լույս առավոտ, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Ոհմակը հարձակվել է Այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել: Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի կարծիքով Այգի մուտք գործած ոհմակը, ամենայն հավանականությամբ, նույն ոհմակն է, որ երեկ՝ հոկտ. 31-ին հարձակվել էր կենգուրուների վրա: Հիշեցնենք, որ կենգուրուների ազատավանդակից հաջողվել է բռնել նույն ոհմակի 3 ձագերին, որոնք տեղափոխվել են Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ:
Երևանի կենդանաբանական այգին ահազանգում է Երևան քաղաքի տարածքում չստերջացված և վտանգավոր շների ոհմակի առկայության վտանգավորության մասին, որը նաև հանրային անվտանգության ապահովման հիմնախնդիր է, քանի որ ոհմակ կազմած, արդեն կենդանու որս արած շները վտանգավոր են թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց համար:
Դիմում ենք պատկան կառույցներին վերոնշյալ շների ոհմակին հրատապ կարգով գտնելու և վնասազերծելու նպատակով՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու հանրային անվտանգության ապահովման կարևորությունը:
Ավելացնենք, որ շների ներթափանցման հետ կապված մարդկային գործոնի բացառման համար դիմել ենք նաև ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաքննություն սկսելու նպատակով», - նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ նախօրեին, ըստ այգու տարածած հաղորդագրության, շնորի ոհմակի ներթափանցման հետևանքով անկել էին կենդանաբանական այգու կենգուրուները։