26/11/2019 12:23
Կոռուպցիա միշտ կա, աշխարհի բոլոր երկրներում կա. Էդմոն Մարուքյան
Lավ է, որ նման փորձառու մարդ ընտրվեց, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր կոռուպցիայի կանխարգելման նորընտիր հանձնաժողովի նախագահի ընտրությանը:
«Կարծում եմ՝ շատ արժանի թեկնածու է ընտրվել հանձնաժողովի նախագահի պաշտոնում», - ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Հայկուհի Հարությունյանը:
Հարցին՝ արդյոք էական տարբերություն կլիներ, եթե նախագահ ընտրվեր իշխանական թևից, Մարուքյանն ասաց.
«Հայկուհին, ամեն դեպքում, իր դերը կունենար, բայց կարծում եմ՝ լավ է, որ նման փորձառու և միշտ իր ձայնը բարձրացրած մարդ ընտրվեց: Շատ կարևոր է նայել մարդու անցած ճանապահը, իսկ տիկին Հարությունյանը մեծ ճանապարհ է անցել իրավապահ դաշտում և լավ կրթություն է ստացել մարդու իրավունքների բնագավառում»:
Դիտարկմանն՝ այսօր Հայաստանում կա՞ կոռուպցիա, Մարուքյանը նշեց.
«Կոռուպցիա միշտ կա, աշխարհի բոլոր երկրներում կա կոռուպցիա, այլ բան է հանրային ընկալումը: Այսօր Հայաստանում մեկ կետից կառավարվող կոռուպցիա չկա»: