30/01/2020 12:55
ՍԴ նախագահի մասին Հ1-ի ռեպորտաժի թեման ինձ չի վերաբերում. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
Դատական գործը չավարտված՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսեցին խայտառակ մեղադրանքներ հնչեցնել՝ միաժամանակ պատասխանի իրավունք չտալով, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության երեկվա հայտնի ռեպորտաժին:
«Ես ուղղակի կուզեի կապվել հեռուստատեսության պատասխանատուներից որևէ մեկի հետ։ Որոշեցի, որ, թերևս, ամենահարմարը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ կապվելն է, որովհետև Պետրոս Ղազարյանին բազմիցս ասվել է սրա վերաբերյալ, բայց, կարծես թե, էական փոփոխություն չենք նկատում», - ասաց Ենոքյանը։
Նա հենց ուղիղ հեռարձակման ժամանակ զանգահարեց Արա Շիրինյանին՝ վերջինիցս մեկնաբանություն ստանալու։ Երբ Ենոքյանը զրուցակցի տեղեկացրեց, որ իրենք ֆեյսբուքյան ուղիղ եթերում են և հարցրեց՝ կարո՞ղ են այդ ձևաչափով զրուցել, Շիրինյանը պատասխանեց.
«Չէ՛, ես հիմա զբաղված եմ, Աղասի»։
Ենոքյանը ճշտեց՝ իսկ կհամաձայնի՞, եթե ՍԴ նախագահի թեմայով երեկվա ռեպորտաժի վերաբերյալ հարցազրույց տա «Մեդիա Պաշտպան»-ին։
Այս հարցին ևս ժխտողական պատասխան տրվեց։ «Չէ՛, այդ թեմայի մասին չեմ ուզում խոսել, որովհետև դա ինձ չի վերաբերում», - ասաց Շիրինյանը։
Աղասի Ենոքյանն, արդեն զանգն անջատելուց հետո, նշեց, որ կփորձեն գտնել այլ պատասխանատուների, ովքեր կփորձեն թեմայի շուրջ մեկնաբանություններ տալ։
«Թեման փակված չէ։ Պատասխանատուներն ասում են, որ պատասխանատու չեն», - ասաց նա։
Հիշեցնենք, երեկ Հանրային հեռուստաընկերությունը «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» խորագրով ռեպորտաժ էր պատրաստել: Այս մասին հայտարարությամբ էր հանդես եկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը՝ նշելով, որ եթեր հեռարձակված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։