15/06/2020 23:20
Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի այդ քրեական գործերի հետ, առավել ևս՝ ընտրակաշառքներ բաժանելու հետ. Փաստաբան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի գնահատմամբ՝ ԱԱԾ-ն իր պաշտպանյալի նկատմամբ «շոու» է կազմակերպել.
«Ի սկզբանե շոուն կազմակերպվեց քրեական գործերի մի քանի հաղորդագրություններով, անձին հրապարակայնորեն մեղադրում են պետությանը հասցված խոշոր վնասների, ինչպես նաև՝ հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության համար։ Գալիս են խուզարկության ընտրակաշառքի գործի հետ կապված, և գլխավոր դատախազի միջնորդությունը վերաբերում է միայն ընտրակաշառքին, սակայն ուսսումնասիրելով այդ նյութերը, հստակ կարող ենք արձանագրել, որ այս գործերը շինծու են։ Բացի դրանից, որևէ կոնկրետ ապացույց չկա ներկայացված միջնորդության մեջ, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ պարոն Ծառուկյանը որևէ առնչություն ունի այդ ընտրակաշառքի կամ որևէ անձանց հետ, ովքեր այդ գործով անցնում են որպես մեղադրյալ», - «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։
Նա նշել է, թե այդ քրեական գործում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որևէ ցուցմունք գոյություն չունի։
«Հատկանշական է, որ իշխանական բոլոր պատգամավորները քրեական գործից այնպիսի նյութեր են հրապարակում, որոնք նույնիսկ մեզ հասու չեն եղել այս երկու օրվա ընթացքում։ Ի զարմանս մեզ, պաշտպաններին այդ փաստաթղթերը հասու չեն, սակայն իշխանական պատգամավորներն այդ փաստաթղթերը հրապարակում են համացանցով՝ կրկին փորձելով հասարակության մոտ տպավորություն ստեղծել կամ տրամադրություն փոխել։ Պարոն Ծառուկյանը որևէ առնչություն չունի այդ քրեական գործերի հետ, առավել ևս՝ ընտրակաշառքներ բաժանելու հետ», - ասել է Էմին Խաչատրյանը։