20/07/2020 15:57
Ալիևը հանգիստ չի նստելու. նա ռևանշի տարբերակներ է փնտրելու. Տարոն Հովհաննիսյան
Aysor.am-ի զրուցակիցն ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն է:
- Պարոն Հովհաննիսյան, որո՞նք են, ըստ Ձեզ, Ադրբեջանի ղեկավարության հետևությունները՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին ունեցած ակնհայտ ձախողումները և միջազգայի հանրության կոչերը:
- Վերջին օրերի գորողությունները ցույց տվեցին, որ այն, ինչ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները քարոզում էին՝ հզոր երկիր, աշխարհում ամենամարտունակ բանակներից մեկն ունենալու առումներով, իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանը մինչև վերջերս հայտարարում էր, որ իր բանակը կարող է հաշված ժամերում խնդիրներ լուծել, գրավել Ստեփանակերտն ու Երևանը, պարզապես միջազգային հանրությունն իրեն չի թույլատրում: Այս իրավիճակում մենք ունեցանք 4-5 օր տևած ակտիվ ռազմական գործողություններ, որոնց ժամանակ ոչ մեկ ոչ մեկի չխանգարեց որևէ գործողություն իրականացնել:
Հայաստանի և Ադրբեջանի բանակներն ազատ էին իրենց գործողություններում, և այդ գործողություների արդյունքները ցույց տվեցին, որ ադրբեջանական բանակը ոչ միայն չի կարողանում իրականացնել իր նշած մասշտաբային գործողությունները, այլև բոլոր մակարդակներում բավական լուրջ պարտություն կրեց:Հակառակորդն իրականացրեց մոտավորապես 5 գրոհ և 5 գրոհի արդյունքում էլ բավական լուրջ պարտության մատնվեց: Սա Ադրբեջանի ներսում բերեց հուզումների, որոնք փորձում են կոծկել առայժմ տեղեկատվական բլոկադայով և ապատեղեկատվության տարածմամբ:
Կարծում եմ՝ ադրբեջանական ղեկավարությունն այս ամենից մեկ հետևություն արեց՝ նախ նրանք հասկացան, որ սեփական բանակի մասին պատկերացումներն իրականությանը չեն համապատասխանում, ինչպես իրականությանը չեն համապատասխանում հայկական բանակի մասին ունեցած իրենց պատկերացումները: Ադրբեջանը հրաշալի հասկացավ, որ երբևիցե իր կողմից նախաձեռնված ցանկացած սադրանք կամ ռազմական գործողություն կարող է լուրջ ձախողումներ կրել:
- Որքա՞ն հավանական եք համարում հարաբերական անդորրից հետո Ադրբեջանի կողմից բուն պատերազմական գործողությունների նախաձեռնումը, այդ թվում՝ արցախա-ադրբեջանական սահմանին:
- Վերջին օրերին նախաձեռնած սադրանքից հետո հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը բավական լուրջ կորուստտներ է կրել, մինչդեռ հայկակակն կողմում հաղթական տրամադրություններ են: Ադրբեջանի մոտ պարտության զգացումը և ծանր կորուստները միանշանակ կերպով զգացվում են: Սա սկսել է սպառնալ ադրբեջանական իշխանությանը, հետևաբար կարծում եմ, որ Ալիևը հանգիստ չի նստելու: Նա ռևանշի տարբերակներ է փնտրելու: Թե որ հատվածում դրանք կլինեն, բավական բարդ է ասել: Ադրբեջանը վերջին օրերին կրած պարտություններից հետո՝ մինչև նոր ռիսկի դիմելը, հաշվարկների և վերլուծությունների կարիք ունի: Հերթական պարտությունը կարող է սպառնալ Ադրբեջանի իշխանությանը:
- Սահմանային լարվածության ֆոնին բանակցային գործընթացի վերսկսումը որքա՞ն ռեալ եք գնահատում:
- Այս պահին հավանականությունը բավական նվազ է, որովհետև ադրբեջանական կողմն Իլհամ Ալիևի մակարդակով վա-բանկ գնաց՝ հրաժարվելով բանակցային գործընթացից ու նախկինում եղած բոլոր պայմանավորվածություններից: Այժմ, կարծում եմ, հիմնական դերը պատկանելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, թե որքանով վերջիններս կկարողանան ստիպել Ադրբեջանին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Մյուս կողմից պետք է հասկանալ, որ շատ նվազ է հավանականություն, որ բանակցությունները կարող են կարգավորել խնդիրը: Բանակցային գործընթացն առավելապես կարողանում է հարթել ընթացիկ խնդիրները, իսկ խնդրի ամբողջական կարգավորումը բավական լայն գործընթաց է: