09/09/2020 12:37
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունն, իրոք, ֆարս է. Հայկ Ալումյան (Տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունն, իրոք, ֆարս է, բայց ոչ բոլորովին այն պատճառաբանությամբ, ինչ հիմա հայտարարում են տուժողների իրավահաջորդները, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Ֆարս է այն պատճառով, որ դատարանը ընդհանրապես պատրաստ չէ այս գործով իրականացնել արդարադատության», - ասաց նա։
Հայկ Ալումյանի խոսքով՝ դատարանն այս գործով մեղադրողներից մեկն է, որը պատմուճանով հայտնվել է դատավորի աթոռին։
«Մենք, ըստ էության, հակառակ կողմերում ենք, մի կողմից մենք ենք՝ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, մյուս կողմից՝ մեղադրողներն ու դատարանը, իրոք որ, սա կարելի է անվանել ֆարս, բայց ինչ վերաբերում է այն բանին, որ տուժողների իրավահաջորդները, Տիգրան Եգորյանը, Սեդա Սաֆարյանն են դժգոհում դատարանի գործողություններից, հնարավոր է, որ ուղղակի ուրիշ պատճառ ունեն դատավարությանը չգալու, բայց այդ ձևով փորձում են ավելի մեծ ճնշում գործադրել դատարանի վրա: Հավատացնեմ իրենց, որ դատարանի վրա ճնշում առկա է եղել մեղադրանքի կողմից արդեն իսկ, որովհետև այն որոշումները, որը դատարանը կայացնում է, դրանք այլ կերպ, քան ճնշման ազդեցության տակ, սովորաբար չեն կայացվում», - նշեց Քոչարյանի պաշտպանը։
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարել է, թե իրավապահ մարմինների կողմից սաբոտաժ և հակազդեցություն են նկատել, որը ի վնաս Մարտի 1-ի գործի բացահայտմանն է ուղղված։
«Դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի: Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այս անբովանդակ միջոցառմանը», - ասել էր Եգորյանը։