19/11/2020 10:33
Սերգեյ Նարիշկինի հայտարարությունն ուղղված է ոչ թե ԲՀԿ-ին, այլ հայկական շահը դավաճանած և կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած ուժին. Իսայան
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, որ արևմտյան որոշ ուժեր իրենց խողովակներով սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին` վարկաբեկելու կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ԲՀԿ-ին ոչ մի կերպ չի վերաբերում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ճեպզրույցին ներկա ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Շաքե Իսայանն էլ իր հերթին հորդորեց հայտարարության տեքստում ինտրիգներ չփնտրել և չփորձել ԲՀԿ-ի ու Ռուսաստանի միջև սեպ խրել, ինչը երեկվանից նկատվում է որոշ ԶԼՄ-ներում:
Նրա համոզմամբ` ռուս բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, հակառակը, ուղղված է այն ուժերին, որոնք սպասարկել են արևմտյան շահը` դավաճանելով հայկական շահը և ստորագրելով կապիտուլյացիոն փաստաթուղթ: